ՀՀ նախագահ. Մեր թիվ մեկ խնդիրը տնտեսության զարգացումն է, աղքատության կրճատումը

ՀՀ նախագահ. Մեր թիվ մեկ խնդիրը տնտեսության զարգացումն է, աղքատության կրճատումը

PanARMENIAN.Net - «Ես ակնկալիք չունեմ, որ Հայաստանում դժգոհ մարդկանց քանակը գնալով պակասելու է, վատ առումով չեմ ասում: Ընդհակառակը, ես համարում եմ, որ դեռևս շատ տևական ժամանակահատվածում Հայաստանում դժգոհողների թիվը գնալով միայն ավելանալու է, շատ է ավելանալու, ավելանալու է պետական պաշտոնյաների աշխատանքից չբավարարվածների թիվը, պրոբլեմների վերացման նկատմամբ ակնկալիքները մեծանալու են»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նա մասնավորապես ասել է.

«Մենք պիտի նայենք, թե մնացած ժողովուրդներն ի՞նչ ճանապարհ են անցել: Ես չեմ ասում, որ մեզ մի երկու հարյուր տարի է պետք, որ հասնենք ժողովրդավարության, բայց ասում եմ՝ ետ նայենք, տեսնենք Ֆրանսիայի պես երկրում օրինակ Սարկոզիին 27 տոկոս ձայն են տվել: Դա ի՞նչ է նշանակում: Որ գոնե քվեարկողների 73 տոկոսը դժգոհ է եղել, չէ՞ այդ մարդու աշխատանքից, թե՞ այնտեղ էլ են ուրիշ խնդիրներ եղել: Կարծում եմ, որ գոնե մեր քաղաքացիները Ֆրանսիայի վրա չեն կասկածում: Այդպես է, թե՞ այդպես չէ: Այսինքն, իշխանավորը, առաջին հերթին, Հանրապետության նախագահը երբեք չպետք է ակնկալի, որ դժգոհների քանակը քչանալու է: Սա չի նշանակում, որ մենք առաջնային չպետք է համարենք աղքատության վերացումը, սոցիալական խնդիրները: Իհարկե, մեր թիվ մեկ խնդիրը տնտեսության զարգացումն է, այդ ոլորտում աղքատության կրճատումը: Իհարկե դա մենք պիտի անենք, բայց այդ զգալը մի քիչ հարաբերական է: Հարաբերական է, որովհետև վիճակը լավանալուն զուգահեռ ավելանում են պահանջները:

Մենք խնդրին կարող ենք մոտենալ հետևյալ կերպ՝ գնաճը ավելի՞ բարձր է, քան աշխատավարձի աճը, թե՞ հակառակը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ աշխատատեղերի քանակն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում, և միջին աշխատավարձը որքա՞ն է: Սրանք մի քանի չափանիշներ են: Եթե սա նկատի ունես, ապա ասեմ, որ որևէ մեկը չի լսել, որ ես քարոզարշավի ողջ ընթացքում ասեմ, որ մենք կտրուկ բարձրացնելու ենք թոշակները, կտրուկ բարձրացնելու ենք աշխատավարձերը: Եվ դա ես չեմ ասել գիտակցաբար, որովհետև դա էլ եմ կաշառքի մի ձև համարում, թեև, կոպիտ ասած, բոլոր խոստումները ժողովրդին կաշառքի ձև են, բայց լավ առումով: Ասվածը չի նշանակում, որ մենք այդպիսի ծրագրեր չունենք: Ծրագրերից մեկի մասին ես ասացի ընդհանուր գծերով՝ առնվազն 7 տոկոս տնտեսական աճ և աշխատավարձի առաջանցիկ աճ գնաճից: Բայց պարզ է, որ մենք միջին աշխատավարձի չափը բարձրացնելու, թոշակները ավելացնելու, սոցիալական այլ ծրագրեր ունենք: Կառավարությունում հիմա լրջությամբ քննարկվում է 2013թ., այսինքն՝ այս տարվա հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը: Բայց ի տարբերություն ուրիշների, մենք պարտավոր ենք մանրամասն հաշվարկներ կատարել, նոր միայն խնդրին մոտենալ: Եվ կարծում եմ, որ այդ բարձրացումը լինելու է շոշափելի: Այնտեղ քննարկվում է նաև թոշակների բարձրացման խնդիրը: Հիմա կարող է շատերն ասեն՝ այս ի՞նչ տարօրինակ մարդիկ են, աշխատավարձ են բարձրացնելու, թոշակ են բարձրացնելու, բայց դրա մասին քարոզարշավի ժամանակ չեն հայտարարում: Այո, այդպես է, որովհետև այդ մասին մենք խոսել ենք դեռևս տարվա սկզբին: Մարդկանց մի քիչ թոշակ ես բարձրացնում, մի քիչ աշխատավարձ ես բարձրացնում և ամեն անգամ այնքան ես դրա մասին խոսում, կարծես թե գրպանիցդ ես այդ մարդկանց լավություն անում: Գործընթաց է, որ պիտի առաջ գնա:

Երկրի զարգացում՝ նաև դա է նշանակում: Եվ, եթե մարդը չի կարողանում սեփական աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգալ, նրան շատ դժվար է մեղադրել ընտրությունների ժամանակ կաշառք վերցնելու համար, թեև, իհարկե, աշխարհի ամենազզվելի բանը կաշառակեր մարդն է: Այսինքն, մարդը գոնե նվազագույն հնարավորություն պետք է ունենա իր ընտանիքը սեփական աշխատանքով պահելու, իր ընտանիքի հոգսերը հոգալու: Այնպես, որ կարծում եմ, մարդկանց որոշ մասը անմկիջականորեն որոշակի դրական փոփոխություններ զգացել է, նորից եմ կրկնում՝ խոսքս բոլորին չի վերաբերում, և խոսքս նրա մասին չի, որ մեր բնակչության 1/3-ը աղքատ չի: Մենք առաջ ենք շարժվելու շատ ավելի արագ տեմպերով, քան նախկինում, որովհետև մենք կարողացել ենք արդեն ամբողջովին հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները: Բոլոր նրանք, ովքեր կողքի կանգնած խոսում էին, թե ի՞նչ նշանակություն ունի ճգնաժամ կա, թե ոչ, թող այսօր դատեն Եվրոպայի տնտեսության աճի մասին, թող հիմա դատեն աշխարհի տնտեսության աճի մասին: Իհարկե, ունի նշանակություն: Ո՞նց կարող է չունենալ: Այսինքն, մեր տնտեսությունն էլ այնքան կայուն ու այնքան մեծ է, որ աշխարհի պրոցեսներից դու՞րս է: Ավելի արագ տեմպով և ավելի շոշափելի»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---