Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդեսը ցնցել է լեհերին

PanARMENIAN.Net - Լեհաստանի Վրոցլավ քաղաքում այսօր բացվել է «20-րդ դարի առաջին Հոլոքոսթը» խորագրով ցուցահանդեսը: Քաղաքի կենտրոնական հրապարակում ներկայացվել են 1915-1918 թվականների 40 լուսանկարներ, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Լեհաստանում: Ներկայացված սեւ-սպիտակ պատկերները` Օսմանյան կայսրությունում ծառայող հայ զինվորականների եղբայրական գերեզմանների, ցեղասպանությունը վերապրած հայ երեխաները Մեսոպատամիայում, «Հնչակյան» կուսակցության անդամ կախաղան հանված 20 հայերի լուսանկարները ստիպեցին ցնցվել հավաքվածներին: Մինչդեռ, ցուցահանդեսին ներկա լեհերից ոչ բոլորը գիտեին 1915-1923 թվականների իրադարձությունների մասին: Լեհ ուսանողները ընդհանրապես առաջին անգամ էին լսում Հայոց ցեղասպանության մասին: «Ես ցնցված եմ,-ասել է ուսանողուհիներից մեկը, եւ ավելացրել է.«Թուրքիան ուղղակի պարտավոր է ճանաչել իր մեղքը»: Իսկ ցուցահանդեսին ներկա գտնվող պատմաբանը հայտարարել է.«Հայաստանը կհասնի ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այդպես պետք է լինի»: Այսօր Վրոցլավում բացվել է եւս մեկ ցուցահանդես, որին ներկայացվել են Անի քաղաքի ավերված եկեղեցիների լուսանկարները: Այդ լուսանկարները արվել են անցյալ տարի Թուրքիայում կորած լեհ ուսանող Ռաֆալ Եդրաշիկի որոնումների ժամանակ: Հիշեցնենք, որ Յագելոնի համալսարանի ուսանող Ռաֆալ Եդրաշիկը հետաքրքրվում էր Հայաստանի պատմությամբ: Թուրքիայի տարածքով Հայաստան կատարելիք նրա ուղեւորության նպատակն էր պարզաբանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառները եւ համեմատել այն 1915 թվականի իրադարձությունների հետ: Սակայն 2003 թվականի մայիսի 24-ից հունիսի 1-ի ժամանակահատվածում ուսանողը կորել է Վանա լճի մերձակայքում: Եվ նրա որոնումները մինչ այժմ արդյունք չեն տվել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---