Բելգիան պատրաստ է աջակցել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Բելգիայի սենատի նախագահ Անն-Մարի Լիզինին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Շնորհավորելով Բելգիայի անկախության 175-ամյակի եւ դաշնային համակարգի ստեղծման 35-ամյակի առթիվ, վարչապետն ընդգծել է, որ պետական կառուցվածքի, ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման բելգիական փորձը կարող է ուսանելի լինել եվրաինտեգրման ուղին ընտրած մեր երկրի համար: Նշելով վերջին շրջանում Հայաստանի եւ Բելգիայի միջեւ տարբեր մակարդակի շփումների ակտիվացումը, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում հայ եւ բելգիացի խորհրդարանականների փոխգործակցության ամրապնդումը, նա գոհունակություն է հայտնել նաեւ Բելգիայի իշխանությունների կողմից միջազգային կազմակերպություններում մեր երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշում որդեգրելու կապակցությամբ: Վարչապետը վստահություն է հայտնել, որ Անն- Մարի Լիզինի այս այցը եւս զգալիորեն կնպաստի հայ-բելգիական հարաբերությունների սերտացմանը:



Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, այնպես էլ «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակներում Հայաստան-Բելգիա երկկողմ համագործակցության հնարավորություններին: Անն-Մարի Լիզինի խնդրանքով, Հայաստանի կառավարության ղեկավարը համառոտակի ներկայացրել է մեր երկրի դիրքորոշումը նաեւ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների, տարածաշրջանային գործընթացների, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների ներկայի եւ հեռանկարների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով Բելգիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, Անդրանիկ Մարգարյանը կարեւորել է նաեւ Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում քրեական պատիժ սահմանելու մասին օրինագծի վերաբերյալ Բելգիայի խորհրդարանում ընթացող քննարկումները:



Նշելով, որ Բելգիան 2006թ. ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, Անն-Մարի Լիզինը այդ շրջանակներում իր երկրի գործունեության առաջնահերթություններից է համարել աջակցությունը Հարավային Կովկասի երկրների, այդ թվում` Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու երկու երկրների միջեւ սահմանի բացմանը, ինչը, ըստ նրա, բխում է ընդհանուրի շահերից: Որպես նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերի գլխավոր հանձնաժողովի զեկուցող, Բելգիայի սենատի նախագահը հետաքրքրվել է Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումների, հանրաքվեի նախապատրաստական գործընթացի հարցերով եւս: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ սահմանադրական փոփոխություններն ամրագրում են վերջին տասը տարում ժողովրդավարացման ուղղությամբ երկրում տեղի ունեցած բարեփոխումները եւ բխում են առաջին հերթին հենց մեր երկրի ու ժողովրդի կենսական շահերից: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հարցեր: Նշելով, որ Բելգիան այդ ոլորտում Հայաստանի կարեւոր գործընկերն է, նրանք, միաժամանակ, ընդգծել են, որ այդ բարձր ցուցանիշը հիմնականում ապահովվում է ադամանդների առեւտրի շնորհիվ, մինչդեռ համագործակցության զգալի ներուժն առկա է նաեւ բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քաղաքաշինության, գիտակրթական, մշակութային եւ այլ բնագավառներում, որը եւս անհրաժեշտ է արդյունավետորեն զարգացնել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---