Եվրաինտեգրումը Հայաստանի համար առաջնայնություն է, որն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է զարգացնի հարաբերություններն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի եւ հարեւան երկրների հետ, սակայն եվրոպական կառույցները եւ եվրաինտեգրումը Հայաստանի համար առաջնայնություն է, որն այլընտրանք չունի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը Սահմանադրության բարեփոխմանը նվիրված Երեւանի տնտեսական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, եվրակառույցների ուշադրությունը Հայաստանի հանդեպ պատահական չէ: «Ժամանակին, երբ Եվրոպան հատուկ ուշադրություն էր դարձնում Վրաստանին, շատերն այստեղ բողոքում էին, թե ինչու են նրանք մոռացել Հայաստանը, իսկ այժմ, երբ Եվրոպայի ուշադրությունն ավելի սեւեռուն է դարձել, նույն մարդիկ դժգոհություն են հայտնում»,-հայտարարել է Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, նրանք, ովքեր կոչ են անում «ոչ» ասել Սահմանադրության հանրաքվեում կամ բոյկոտել այն, չեն կարող հիմնավորել իրենց դիրքորոշումը: «Հարցը տեղափոխվում է քաղաքական հարթություն: Սակայն սխալ կլինի դիտարկել սահմանադրական բաերփոխումները իշխանություն-ընդդիմություն հակազդեցության հարթության վրա: Միթե՞ ընդդիմությանը պետք չեն լավ փաստաթղթեր, որպեսզի հետագայում գործեն դրանց հիման վրա: Չէ որ առջեւում խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են, նոր թիմ է գալու իշխանության: Միթե՞ մեզ պետք չեն որակական փոփոխություններ, պետական կառավարման համակարգի բարելավում, ողջ խորհրդարանի, այլ ոչ թե առանձին խմբերի կամ անձնաց լիարժեք գործունեություն: Ցանականում ենք մենք արդյոք, որպեսզի Հայաստանը որպես միջազգային հանրության լիիրավ անդամ իր ծանրակշիռ խոսքն ասի, այլ ոչ թե հանդես գա այս կամ այն կառույցում խեղճ ազգականի կարգավիճակով: Գործող Սահմանադրությունը չի կարող պատասխանել այս հարցերին»,-հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը` ավելացնելով, որ «Հայաստանի ուժեղ ձայնը միջազգային կառույցներում կնպաստի նաեւ ղարաբաղյան խնդրի լուծմանը, իսկ քանի դեռ մենք թերություններ ունենք, Հայաստանն ու Ադրբեջանը կդիտարկվեն նույն հարթության վրա»:



Իր հերթին, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ գործող Սահմանադրությունը «դառը պտուղ է, որը մենք ճաշակում ենք արդեն 10 տարի, եւ կճաշակենք հետագայում եւս, եթե «ոչ» ասենք հանրաքվեի դրված փոփոխությունների նախագծին: Անհրաժեշտ է ողջ դառնությունը դուրս մղել այդ Սահմանադրությունից»: «Հանրաքվեի բոյկոտը կամ «ոչը» չեն բերի իշխանափոխության, ուղղակի մենք, առնվազն եւս 7-8 տարի կապրենք հին Սահմանադրությամբ, որը խոչընդոտում է երկրի ժողովրդավարացումը: Հանրաքվեի տապալման դեպքում, ըստ օրենքի, նոր հանրաքվե հնարավոր կլինի անցկացնել միայն մեկ տարի անց, սակայն այդ դեպքում էլ այն դատապարտված կլինի տապալման, քնաի որ 2006-ին էլ իշխանության եւ ընդդիմության մեջ նույն մարդիկ են լինելու: Իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, պետության ոչ մի նոր ղեկավար չի գնա իր լիազորությունների կրճատմանը, իսկ դա արդեն նշանակում է, որ հինգ տարի եւս փոփոխություններ չեն լինի: Ուրեմն հարկ կլինի սպասել մինչեւ 2013 թվականը»,-հայտարարել է Արմեն Ռուստամյանը` ավելացնելով, որ «երկիրը կանգնած է լուրջ ընտրության առջեւ», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---