Սահմանադրական բարեփոխումների հարցը կենաց-մահու հարց չէ Հայաստանի հասարակության համար

PanARMENIAN.Net - «Սահմանադրությունը արձանագրում է մեր այսօրվա իրականությունը, իրավահասարակական վիճակը եւ հարաբերությունները, բայց նաեւ մեծապես այն ուղղված է ապագային, որի կերտողները դուք եք»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: ՀՀ ԱԳՆ ղեկավարի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.«Դժբախտաբար, հետեւելով խորհրդարանական քննարկումներին եւ դրան հաջորդած այս ժամանակաշրջանին, ցավով արձանագրում ենք, որ խնդիրն այսօր տեղափոխված է իռացիոնալ դաշտ եւ իր դրսեւորումն է ստանում երկու տարբեր մակարդակների վրա` քաղաքական-գաղափարական եւ բովանդակային: Առաջինի կապակցությամբ ասվում է, թե` հանրապետությունում չկա, չի ստեղծվել բարենպաստ մթնոլորտ Սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու համար, այս իշխանություններն օրինական չեն եւ իրավունք չունեն Սահմանադրական բարեփոխումներ առաջարկելու»: Ես ուզում եմ միանգամից հակադրվել այս երեք «արդարացումներին»:

Երեքն էլ ավելի կարեւորություն են տալիս ընդդիմություն-իշխանություն վեճին, քան բուն Սահմանադրությանը, կարծես այդ ներքին վեճը ժողովրդի սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ այլ կենսական հարցերից ավելի էական է: Մինչդեռ Սահմանադրությունը հենց այդ հարցերն է կարգավորում: «Սահմանադրություն» բառն ինքը նշանակում է «սահման դնել», սահմանել, բնորոշել անհատի իրավունքները, հասարակության իրավունքները եւ պետության ու կառավարության պատասխանատվությունը սեփական ժողովրդի հանդեպ: Այն սահմանում է այս կարեւորագույն հարաբերությունները: Եւ դրա հակառակը ուղղակի դեմ գնալն է հասարակության զարգացմանը եւ բարգավաճմանը: Սակայն այստեղ ուզում եմ հարց տալ, եթե իշխանություններն իրականում խախտել են Սահմանադրությունը, ինչո՞ւ դրա պատճառով ժողովուրդը պետք է տուժի: Մյուս կողմից, եթե իշխանություններն անօրինական են, ինչո՞ւ է միջազգային հանրությունը հանդուրժում նրանց, ինչո՞ւ այդ մասին չի ասում, այլ ընդհակառակը` ակտիվորեն համագործակցում է նրանց հետ:

Եւ եթե այսօրվա քաղաքական եւ բարոյական մթնոլորտը բարենպաստ չէ, ինչո՞վ կարող ենք համոզված լինել, որ վաղը այն այդպիսին կլինի. չէ՞ որ միշտ էլ կգտնվեն ինչ-ինչ քաղաքական ուժեր, որոնք շահագրգռված կլինեն վիճակն ապակայունացնելու համար: Եվ մի՞թե 1995 թվականին, երբ ընդունվում էր ներկա Սահմանադրությունը, մթնոլորտը բարենպաստ էր: Մինչդեռ մի պահ փորձենք պատկերացնել, որ եթե չունենայինք Սահմանադրություն, ինչպիսի՞ն կլիներ վիճակը 1998թ. Հայաստանի նախագահի հրաժարականից հետո կամ 1999թ. Հոկտեմբերի 27-ից հետո: Անկախ այն բանից, Սահմանադրությունը լավն է թե վատը, ամբողջական է թե թերի, այն խաղացել է իր պատմական դրական դերը մեր պետականության եւ հասարակության կերտման գործում, մեզ համար բավականին դժվար տարիներին:



Ինչ վերաբերում է բովանդակային առումով իռացիոնալ դաշտում հարցը քննարկելուն, դժբախտաբար, այստեղ «ոչ»-ի կողմնակիցները Սահմանադրական բարեփոխումներից վերցնում են այն կետերը, որով փորձում են վախեցնել ժողովրդին, նրա մեջ սերմանել կասկածներ, ցույց տալով, թե իբր բարեփոխված Սահմանադրությունը կարող է բացասաբար ազդել երկրի եւ ժողովրդի կենսական հարցերի եւ առօրյա կարիքների վրա: Այստեղ հատկապես շահարկվում են մի քանի կետեր.



1. Երկքաղաքացիության հարց. իբր այդ արգելքը վերացնելով, վտանգ է ստեղծվում, որ մասնավորապես Ռուսաստանում կամ Լոս Անջելեսում ապրող հայերը կարող են ըստ իրենց քիմքի փոխել Հայաստանի քաղաքական դաշտի պատկերը

2. Հողի uեփականության հարց. իբր օտարները կարող են Հայաստանում գնել անսահմանափակ հողեր

3. Սահմանների փոփոխության հարց. թե իբր առանց ժողովրդի կարծիքը հարցնելու վերին իշխանությունները կարող են մեր տարածքները միջազգային հարաբերություններում դարձնել առեւտրի առարկա

4. Նախագահի երրորդ անգամ ընտրվելու հարց. իբր Սահմանադրության բարեփոխումը ճանապարհ կբացի գործող նախագահի համար եւս երկու ժամկետ ընտրվելու առումով

5. Նախագահի անձեռնմխելիության հարց եւ նման մի քանի այլ կետեր:

Այս կետերից յուրաքանչյուրի շուրջ կուզենայի տալ մանրամասն մեկնաբանություններ:

1. Երկքաղաքացիության մասին

Այստեղ փորձում են ստեղծել այն տպավորությունը, թե երկքաղաքացիության արգելքը հանելու հաջորդ օրն իսկ աշխարհի բոլոր հայերը Հայաստանի քաղաքացիություն են ստանալու դրանից բխող բոլոր իրավունքներով: Ոչ, այդպես չէ: Հոդված 30.1-ով ընդամենը նախատեսվում է գործող Սահմանադրության մեջ երկքաղաքացիության արգելքի վերացում` երկքաղաքացիության հարցը թողնելով օրենքով կարգավորելուն:

Բացի այդ, երկքաղաքացիության ինստիտուտը ոչ մի կերպ չի կարող դիտվել որպես այլ պետության քաղաքացիների համար արտոնություններ սահմանող, քանի որ հավասար հնարավորություններ է ստեղծում նաեւ ՀՀ քաղաքացիների համար ձեռք բերելու այլ պետության քաղաքացիություն:

2. Հողի uեփականության մասին

Այս հարձը նույնպես փորձում են շահարկել` ասելով, թե օտարերկրացիները կարող են առանց սահմանափակման հող գնել Հայաստանում: Կրկին ոչ: Նույնությամբ պահպանված է գործող սահմանադրության դրույթը, որն արգելում է հողի սեփականության իրավունքը օտարերկրյա քաղաքացիների - քաղաքացիություն չունեցող անձանց համար, բացառությամբ օրենքով կարգավորվող դեպքերի:

3. Սահմանների փոփոխության մասին

Այս հարցում նման շահարկումների չէի սպասում, թե իբր Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են մեր տարածքների զիջում: Սա անհեթեթություն է, իրականում մեզ որեւէ վտանգ չի սպառնում: Պետական սահմանի փոփոխություն կարող է կատարվել միայն միջազգային պայմանագրով, որը անպայմանորեն ենթակա է ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը: Օրինակ, ներկայումս մենք Վրաստանի հետ տանում ենք սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ, որ արվում են միջազգային ընթացակարգով. բանակցությունների վարում, պայմանագրի ստորագրում եւ դրա ուժի մեջ մտնելու համար` ԱԺ կողմից պարտադիր վավերացում: Վաղը մեր մյուս հարեւանների հետ պետք է անենք նույն բանը: Բացի այդ, սահմանների փոփոխություն ասելով` անմիջապես հասկանում են տարածքների կորուստ, շահարկում Մեղրին կամ այլն, որն ուղղակի անբարոյական է:

4. Նախագահի երրորդ անգամ ընտրվելու մասին

Այստեղ նույնպես իրականության խեղաթյուրման պակաս չկա: Ասում են, թե Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են եւս երկու անգամ հնարավորություն տալ Նախագահին ընտրվելու: Նման բան չկա: Մենք ոչ թե նոր Սահմանադրություն ենք ընդունում, այլ փոփոխում գործողը, որտեղ վերոհիշյալ դրույթը որեւէ կերպ չի փոխվել, մնում է նույնը, որով նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

5. Հանրապետության Նախագահի անձեռնմխելիության մասին

Այս դրույթը նույնպես սխալ է մեկնաբանվում: Հանրապետության նախագահն անձեռմխելի է իր լիազորությունների կատարման սահմաններում: Սա բազմաթիվ պետությունների հիմնական օրենքներում ամրագրված նորմ է, որի նպատակն է ապահովել Նախագահի անկախությունը եւ ազատությունը իր կարգավիճակից բխող գործողությունների շրջանակում: Այս դրույթը չի նշանակում բացարձակ անձեռնմխելիություն, քանի որ Սահմանադրության 57-րդ հոդվածը նախատեսում է Նախագահին պաշտոնանկ անելու դեպքերը եւ կարգը (իմպիչմենտ), որից հետո Նախագահը կարող է ենթարկվել պատասխանատվության: Փարատելով այս իրավիճակը` մենք պետք է կարողանանք հարցը տեղափոխել ռացիոնալ դաշտ եւ հանգիստ ու սթափ քննարկել:

Այստեղ կուզենայի անել երկու հիմնական հաստատում.

1. Սահմանադրական բարեփոխումների հարցը կենաց-մահու խնդիր չէ մեր հասարակության համար: Այսինքն, եթե հանկարծ մեր ժողովուրդը որոշի «ոչ» ասել, դա մահացու հարված չի լինի մեր պետության եւ հասարկության համար: Մեր ժողովրդի ազատ կամարտահայտության, իր իրավունքի դրսեւորման համար ոչ ոք մեզ չի պատժի: Սակայն ինքներս պիտի հասկանանք, որ «ոչ»-ի դեպքում երկիրը կտուժի եւ մենք կկորցնենք մեծ, շատ մեծ հնարավորություն ժողովրդավարության գործընթացները եւ տնտեսական զարգացումը խորացնելու ուղղությամբ:

Ես ուղղակի չգիտեմ, թե «ոչ»-ի դեպքում նման մի այլ հնարավորություն մեզ երբ կընձեռնվի: Համենայն դեպս, հաստատ ոչ առաջիկա չորս տարում, նկատի առնելով որ 2007թ. մեզ սպասում են խորհրդարանական, իսկ 2008-ին նախագահական ընտրություններ, որոնցից հետո նոր իշխանություններն առնվազն երկու տարի եւս այդ հարցը դարձյալ չեն արծարծի:

2. Սահմանադրական բարեփոխումներին պետք է նայել որպես բնական երեւույթի, քանզի Սահմանադրությունն ինքը կենդանի եւ հարափոփոխ օրգանիզմ է` ենթակա բնական փոփոխությունների: Օրինակ, ԱՄՆ-ում Սահմանադրությունը փոխվել է 27 անգամ, Գերմանիայում նույնպես 1949-ից ի վեր 27 անգամ, Իտալիայում (1947) 11 անգամ, Ֆրանսիայում 13, Ավստրիայում 12, Սլովակիայում 1992-ից ի վեր 3 անգամ: Մեր հարեւան Վրաստանում, վստահ եմ, որ այս մասին քչերը գիտեն, այն փոխվել է 5 անգամ: Ադրբեջանում 2002թ. այն ենթարկվել է հիմնարար փոփոխությունների: Ինչպես տեսնում եք, առհասարակ երկրների սահմանադրություններն ապրում են դինամիկ զարգացման մշտական եւ տեւական ընթացք եւ այդ իմաստով մենք հետ ենք մնում նույնիսկ մեր տարածաշրջանում: Մի պահ պատկերացնենք, թե մեր գործող Սահմանադրությունը թույլ տար խորհրդարանի երկու-երրորդի մասով այնտեղ փոփոխություններ կատարել. մենք այսօր այս հարցի շուրջ որեւէ վեճ չէինք ունենա: Սահմանադրական բարեփոխումները կատարված կլինեին, որով կապահովվեր մեր երկրի հետագա բնական զարգացումը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---