Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքի հայերեն տարբերակը վաճառքի կհանվի ապրիլի 15-ից

Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքի հայերեն տարբերակը վաճառքի կհանվի ապրիլի 15-ից

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» հայերեն թարգմանված գիրքը վաճառքում կլինի ապրիլի 15-ից: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրել է արձակագիր, գրքի հրատարակիչ Ռուբեն Հովսեփյանը:

«Գիրքը ծալքեր է բացում, որոնք մինչև այժմ մեր հարևանների կողմից երբեք չեն հնչել, չեն լուսաբանվել: «Լավ կլինի, որ հայ ընթերցողը մայրենի լեզվով կարդա ու իմանա, որ Ադրբեջանում էլ կան մարդիկ, ովքեր իրականությունը տեսնում են ոչ իրենց իշխանության աչքերով»,- ասել է Ռ. Հովսեփյանը ու Այլիսլիի գիրքը որակել նաև «գեղարվեստական առումով բարձր մակարդակի գրված աշխատություն»:

Գիրքը հայերեն թարգմանելու թույլտվության համար էլեկտրոնային նամակով դիմել են հեղինակին, սակայն որևէ պատասխան չեն ստացել: «Հասկանալի է, որ արգելափակված են այդ մարդու էլեկտրոնային հասցեները: Պատասխանատվությունը վերցրեցինք մեր վրա ու տպագրեցինք: Եթե մի օր ինչ որ տեղ հանդիպենք, ու նա պահանջ կունենա, մենք պատրաստ ենք փոխհատուցել»,- ասել է Ռ. Հովսեփյանը:

Գիրքը հայերեն է թարգմանել Լեոնիդ Զիլֆուղարյանը: Նա «Քարե երազները» համացանցում է կարդացել ու իր խոսքով` մի շնչով. «Այդ պատճառով թարգամանության առաջարկը միանգամից ընդունեցի: Հույս ունեմ, որ թարգմանությունն էլ մի շնչով կկարդան, քանի որ թեման հետաքրքիր է, սիրով ու ամենակարևորը` ազնիվ է գրված»:

«Քարե երազները» տպագրվել է դեռևս 2012 թ. դեկտեմբերին` «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում: Հեղինակն ականատեսների վկայությամբ վերարտադրում է Ադրբեջանի ԽՍՀ տարածքում հայաբնակ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների կողմից 1919թ. և 1988-90 թթ. իրականացված ոճրագործությունները: Աքրամ Այլիսիլիի նկատմամբ միայն վերջերս հետապնդումներ են սկսվել: Ադրբեջանական կուսակցություններից մեկի նախագահը նրա ականջը կտրողին պարգև էր խոստացել, իսկ հենց նախագահ Ալիևը Ադրբեջանի վաստակավոր գրողին զրկել էր թոշակի ու առաջիկա մի քանի տարում տպագրվելու իրավունքից: Այլիսլիի համագյուղացիները նրա դեմ ցույց էին կազմակերպել, այրել նրա գրքերն ու դավաճան որակել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---