Վ.Օսկանյան. Սահմանադրական բարեփոխումները նպաստում են ժողովրդավարական գործընթացներին Հայաստանում

PanARMENIAN.Net - Այսօր Ստրասբուրգում իր աշխատանքները սկսեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 115-րդ նստաշրջանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բացման խոսքով հանդես եկան Նախարարների կոմիտեի նախագահ Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Դիոգո Ֆրեյտաս դո Ամարալը եւ ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Այս առումով նստաշրջանն իր ուշադրությունը կենտրոնացրեց քաղաքական մի շարք առաջնահերթությունների վրա, որոնք դարձան չորս հիմնական զեկույցների առարկան: ԵԽՆԿ նիստում ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Իր ելույթում ՀՀ ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, որ մենք անվանում ենք եվրոպական արժեքներ, պաշտպանվում են եվրոպական համայնքի անդամների կողմից այն ակնհայտ պատճառով, որ մենք համոզված ենք, որ այս արժեքները կարող են ապահովել մարդկային գոյատեւման շրջանակը: Դա այն է, ինչ մենք հայտարարում ենք արդեն կես դար: Անցած մայիսին պետությունների ու կառավարությունների ղեկավարներն ասացին, որ այս արժեքները ոչ միայն պետք է հայտարարվեն, այլեւ իրագործվեն, ոչ թե որդեգրվեն, այլ ընդունվեն Եվրոպական ընտանիք մտնելու համար: Սա Եվրոպայի խորհրդի ամենամեծ ակնկալիքն է, եւ այս ակնկալիքը արդարացված է, քանի որ ԵԽ-ն արդեն հսկայական ներդրումներ է կատարել այս նպատակների իրագործման ուղղությամբ: Սակայն հայացք նետելով այսօրվա Եվրոպային` մենք տեսնում ենք, որ աշխատանքն դեռեւս կիսով չափ է արված: Եթե 21-րդ դարում մենք դեռեւս կարիք ունենք կոնվենցիաների, որով օրենքից դուրս ենք հայտարարում ահաբեկչության եւ թրաֆիկինգի բարոյապես ամոթաբեր եւ անհանդուրժելի գործողությունները, նշանակում է, որ 20-րդ դարում մենք բավական աշխատանք չենք կատարել սահմանները վերացնելու եւ համայնքներ ստեղծելու համար»:



Վ.Օսկանյանը միաժամանակ ներկայացրեց այն առանձնահատուկ նպատակները, որոնք Նախարարների կոմիտեն կյանքի է կոչել` ուժեղացնել եվրոպացիների երկարաժամկետ անվտանգությունը, զարգացնել ռազմավարությունը սոցիալական միասնության համար, պայքար սկսել կանանց նկատմամբ բռնության դեմ, նպաստել երեխաների պաշտպանությանը եւ զարգացնել միջմշակութային երկխոսությունը: Իր ելույթում Վ.Օսկանյանն անդրադարձավ նաեւ երկու կարեւոր հարցերի, որոնք այժմ Հայաստանի օրակարգում են եւ ԵԽ ուշադրության կենտրոնում. «Առաջինը, նշեց նախարարը, Սահմանադրական բարեփոխումներն են, որոնք անցկացվելու են այս ամսա վերջին: Նա պարզաբանեց, որ առաջարկվող սահմանադրական բարեփոխումները նպաստում են մարդու իրավունքների վրա հիմնված ժողովրդավարական գործընթացներին եւ ուժեղացնում են այդ իրավունքները պաշտպանող ժողովրդավարական կառույցները: Մյուս հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն է, որի լուծմանը պետք է հասնել առանց ռազմական միջոցներ գործադրելու եւ առանց հեռանալու այն պարտավորություններից եւ համաձայնություններից, որոնց արդեն հասել ենք»:



Նշենք, որ Ստրասբուրգում Հայաստանի արտգործնախարարը առանձին հանդիպումներ ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի եւ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռենե Վան դեր Լինդենի, ինչպես նաեւ Հունգարիայի պետքարտուղար Անդրաշ Բարսոնիի եւ Ագոյի խմբի ղեկավար դեսպան Ռոլանդ Վեգեների հետ: Բոլորը հույս հայտնեցին, որ Սահմանադրական բարեփոխումների փաթեթը կընդունվի, եւ Հայաստանի հաջորդ քայլը կլինի անդամակցությունը Եվրոպական կառույցներին: Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարարը Ստրասբուրգից մեկնելու է Լոս Անջելես եւ Սան Ֆրանցիսկո` մասնակցելու Հայաստան Համահայկական Հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---