Թուրքական կողմը դժգոհ է Ստոքհոլմում տեղի ունեցած ցեղասպանությանը նվիրված կոնֆերանսից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Ստոքհոլմում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս նվիրված Հայոց ցեղասպանության 90- ամյակին, որի արդյունքներից դժգոհ են մնացել թուրքերը: Ստոքհոլմի թուրքական դեսպանատան ներկայացուցիչը դժգոհել է, որ իրենց ատմաբանին` Քեմալ Չիչեքին տրվել է մյուսներից ավելի քիչ ժամանակ: Կազմակերպիչ հանձնախմբի անդամները պատասխանում են, որ ելույթների ժամանակացույցը կոնֆերանսից շատ առաջ ներկայացվել է բոլորին, եթե բողոք կար հարկ էր այն ժամանակ բողոքել, ասում է կոնֆերանսի կազմակերպիչ հանձնախմբի անդամ Կարո Հակոբյանը եւ արտահայտելով կազմակերպիչ հանձնախմբի մոտեցումը, նշում է, որ հենց կոնֆերանսի անվանումից պարզ կարելի էր հասկանալ, որ քննարկվելու էր պատմականորեն տեղի ունեցած ցեղասպանության տարբեր ասպեկտները եւ ոչ թե նույն նժարով կշռելու թուրքական պաշտոնական տեսակետը: Թուրքական մամուլը եւ արտգործնախարարությունը կոնֆերանսի կազմակերպիչներին մեղադրում են նաեւ նրանում, որ իբր թե «Հյուրիեթի» եւ մի այլ մամլո թղթակիցներին թույլ չեն տվել ներկա գտնվելու կոնֆերանսին:



Շվեդիայի դեսպանը Թուրքիայում նշել է նման լուրերի անհեթեթությունը: Բանն այն է, որ նախապես բոլորին (ներառյալ լրատվական բոլոր գործակալությունները) տեղեկացված էր, որ առանձնակի նկարահանումներ չեն լինելու, սակայն կոնֆերանսի ամբողջ ընթացքը նկարահանվելու է եւ կոնֆերանսի ավարտից հետո բոլորը կարող են ստանալ ցանկացած ֆիլմերը եւ նկարները: Թուրք լրագրողերը կոնֆերանսի սկզբում եւ՛ նկարեցին, եւ՛ ֆիլմ վերցրին, որից հետո կոնֆերանսի վարիչը կրկին անգամ շեշտեց, որ դադարեցվեն նկարահանումը: Սակայն նրանց թույլատրվեց ձայնագրել բոլոր ելույթները: Թուրքերը նեղված են այն բանի համար, որ նրանց չհաջողվեց կրկնել իրենց ավանդական սցենարը եւ նկարել ու նկարահանել կոնֆերանսի բոլոր ներկաներին (հավանաբար հետախուզական նպատակների համար) այն ինչ կատարվել էր դրանից երկու տարի առաջ Ուփսալայում տեղի ունեցած նման մի կոնֆերանսում, ասում է Կարո Հակոբյանը: Շատերի համար զարմանալի էր այն հանգամանքը, որ թրքական դեսպանությունը համաձայնեց մասնակցել ցեղասպանության կարգախոսի տակ տեղի ունեցող կոնֆերանսին:



Թուրքերը դժգոհ են նաեւ այն բանի համար, որ իրենց պրոֆեսորը` Քեմալ Չիչեքը չկարողացավ արդարացնել իրեն, նախ անգլերենի ոչ լավ իմացության պատճառով, եւ ապա համակարգչի վրա Powr Point-ով կազմած իր իսկ ծրագրին չտիրապետելու համար, սակայն առավել կարեւորը նրա հաճախ իրարամերժ ու անկապ արտահայտություններն էին: Նա կատարեց հետեւյալ արտահայտությունը. «հայերը շնորհակալ պիտի լինեն, որ իրենց տեղահանեցինք եւ պատերազմական շրջաններից հեռացրինք», եւ կամ հետեւյալ ակնարկը. «Եվրոպացիները չպիտի օսմանցիներին մեղադրեն այն ժամանակ այնտեղ դեմոկրատիա չլինելու համար, քանի որ եւրոպացիներն էլ դեմոկրատիա չեն ունեցել եւ Եվրոպական բոլոր երկրներն էլ ցեղասպանություն են կատարել իրենց սեփական փոքրամասնությունների հանդեպ»: Ուշագրավ էին հետեւյալ խոսքերը. «ես հայերին սիրում եմ, ես բոլորիդ սիրում եմ, ուստի դուք էլ ինձ պետք է սիրեք»:



Քեմալ Չիչեքը կոչ արեց, որ կողմերը պատմաբաններից կազմված մի հանձնախումբ ընտրեն հարցը քննարկելու եւ վճիռ կայացնելու, սակայն պրոֆեսոր Տատրյանը եւ պրոֆեսոր Գաունթը մերժեցին ասելով, որ հարկավոր է միայն բոլոր արխիվները մատչելի եւ ազատ դարձնել եւ թողնել, որ պատմաբանները իրենք իրենց գործը կատարեն առանց միջամտությունների: Սրան հաջորդեց Չիչեքի հետեւյալ առաջարկը պրոֆեսոր Տատրյանին. «դուք բարի էք եկել արխիվները, բերեք ձեր հայկական փողերը եւ տարեք արխիվները», եզրափակիչ խոսքում նա կրկնեց նույն արտահայտությունը, «ձեր հայկական փողերը»: Կոնֆերանսի նյութերը իհարկե հրատարակվելու են, հաղորդում է Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---