Հայաստանում կայացած սահմանադրական հանրաքվեն հարուցել է Անկարայի մտահոգությունը

PanARMENIAN.Net - Անկարայի մտահոգությունն են հարուցել սահմանադրական փոփոխությունների նախագծի 107 եւ 119-րդ հոդվածները: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը թույլ է տալիս երկքաղաքացիություն ստանալ հայկական սփյուռքի ներկայացուցիչներին, որոնք բացասաբար են վերաբերվում Թուրքիային»,-գրում է թուրքական «Զաման» թերթը: «Ըստ դիվանագիտական աղբյուրների, սփյուռքը մեծ ազդեցություն ունի Հայաստանում: Բացի այդ, վերը նշված աղբյուրները նշում են, որ եթե սահմանադրական բարեփոխումները ընդունվեն, ապա սփյուռքի ազդեցությունը Հայաստանի քաղաքականության վրա կուժեղանա, քանի որ նրա ներկայացուցիչները ձայնի իրավունք կստանան: Դա բացասաբար կանդրադառնա Երեւան-Անկարա հարաբերությունների վրա: Ըստ հասարակական կարծիքի վերջին ուսումնասիրությունների, գրանցված ընտրողներից կեսից մի փոքր ավելին միայն կմասնակցի քվեարկությանը եւ նրանց 45 տոկոսը «այո» է ասելու սահմանադրական փոփոխություններին: Այսպես թե այնպես, դեռեւս հայտնի չէ, կընդունվի արդյոք այդ փոփոխությունների փաթեթը:



Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ է արել քաղաքացիներին «այո» ասել սահմանադրական փոփոխություններին: Այնուամենայնիվ, հայկական ընդդիմությունը, որը գտնում է, որ երկրի նախագահը օգտագործում է խորհրդարանը իր նպատակների համար, կոչ է անում «ոչ» ասել բարեփոխումներին եւ բոյկոտել հանրաքվեն: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի նախագահը հայկական հեռուստակայններին տված հարցազրույցում.«Մարդիկ, որոնք այժմ կոչ են անում բոյկոտել հանրաքվեն, ժամանակին բոյկոտեցին ղարաբաղյան պատերազմը: Այժմ այդ մարդիկ լավ էլ ապրում են, եւ ավելին, պատրաստվում են բոյկոտել մեր երկրի եւ մեր երեխաների ապագան: Ես քվեարկելու եմ բարեփոխումների օգտին եւ անելու եմ դա բաց քվեարկությամբ»: Հայաստանի նախագահը նշել է, որ ընդդիմությունը չունի ոչ մի լուրջ փաստարկ իր դիրքորոշման օգտին, եւ ընդդիմությունը իր հետքը չի թողնի պատմության մեջ»,-նշում է «Զամանը»:



«Քաղաքական դիտորդները հանրաքվեի դրական ելքը համարում են Հայաստանի քաղաքական զարգացման կարեւոր գործոն: Ըստ փորձագետների, հայկական ընդդիմությունը ռեսուրսներ չունի հեղափոխություն անցկացնելու համար, իսկ հանրապետությունում հիմքեր չկան հնարավոր հեղաշրջման համար: Հայաստանի բնակչության մեծամասնությունը մտադիր է կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին միայն այն պատճառով, որ նրա վրա աշխատել են եվրոպական փորձագետները: Եվրոպայի Խորհուրդը անմիջականորեն ազդում է սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա` սատարելով բարեփոխումներին»,-գրում է թուրքական «Զաման» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---