ՂԱԿ-ին չեն թույլատրել բողոքի գործողություններ կազմակերպել Բաքվում Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպանատների առջեւ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) մի խումբ ակտիվիստներ փորձել են բողոքի ցույց կազմակերպել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ: Կազմակերպության ակտիվիստները մոտեցել են դեսպանատան շենքին, սակայն ոստիկանության աշխատակիցները նրանց հնարավորություն չեն տվել անցկացնելու իրենց միջոցառումը: Գործողության մասնակիցները սկսել են ձվեր նետել դեսպանատան պատուհանների եւ դռների ուղղությամբ: Ակցիայի ժամանակ մասնակիցների եւ ոստիկանության միջեւ ընդհարում է եղել: Ակցիայի 3 մասնակիցներ` ՂԱԿ-ի նախագահի առաջին տեղակալ Ֆիրուդին Մամեդովը, ՂԱԿ-ի Երիտասարդության խորհրդի նախագահ Մուրսալ Հասանովը եւ Նեյմաթ Հախվերդիեւը ձերբակալվել են: Ոստիկանությունը հնարավորություն չի տվել բողոքի ցույցի մասնակիցներին փոխանցել բանաձեւը դեսպանատան աշխատակիցներին: Մի քանի րոպեների ընթացքում ՂԱԿ-ի ակտիվիստները հետ են մղվել դեսպանատան շենքի մոտից եւ հասարակական կարգը վերականգնվել է: Նույն օրը 13:00 ՂԱԿ-ի ակտիվիստների եւս մեկ խումբ փորձել է բողոքի ակցիա կազմակերպել Բաքվում ԱՄՆ դեսպանատան առջեւ: Ակտիվիստները մոտեցել են դեսպանատան շենքին, սակայն կրկին միջամտել են ոստիկանության աշխատակիցները, ինչը հանգեցրել է դիմակայության: Ակցիայի մեկ մասնակից ձերբակալվել է: Այնուամենայնիվ, մասնակիցներին հաջողվել է փոխանցել իրենց բանաձեւը դեսպանատան ներկայացուցիչներին: ՂԱԿ-ը բողոքի գործողությունների շարք է անցկացնում ` բողոքելով ԱՄՆ Կալիֆորնիայի Մոնտեբելլո քաղաքի եւ Ստեփանակերտի միջեւ քույր-քաղաքների հարաբերություններ հաստատելու նախաձեռնության դեմ: ՂԱԿ-ի ակտիվիստները կոչ են անում ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ չցուցաբերել ոչ օբյեկտիվ դիրքորոշում, որը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---