Դիտորդ. Թե իշխանական ուժերը, թե ընդդիմությունը կոալիցիա կազմած խախտումներ էին անում

Դիտորդ. Թե իշխանական ուժերը, թե ընդդիմությունը կոալիցիա կազմած խախտումներ էին անում

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացրել 26 տեղական և 1 միջազգային կազմակերպություններ: Երեկ ամբողջ օրվա ընթացքում դիտորդներն ահազանգեցին տարբեր ընտրախախտումների և միջադեպերի մասին` բազմակի քվեարկություն, կուտակումներ, ընտրողներին ուղղորդումներ և այլն:

Ավագանու ընտրությունները դիտարկել են նաև «Երիտասարդական ակումբների դաշնություն» հասարակական կազմակերպության 38 դիտորդները, ովքեր կարողացել են ներկա գտնվել առնվազն հարյուր ընտրատեղամասերում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը նկատեց, որ որոշ տեղամասերում նկատվել են ընտրողների կուտակումներ, հանձնաժողովի որոշ անդամներ բավարար ուսուցում չէին ստացել մինչ քվեարկության օրը, նկատվում էին ընտրողներին ուղորդողներ, շատ ընտրատեղամասեր հարմար չէին հաշմանդամություն ունեցող անձանց համար: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ընտրացուցակները ճշգրիտ էին կազմված, և ընդհանուր առմամբ իրենք բավարարված են ընտրական օրվա արդյունքներով:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև դիտորդական առաքելություն իրականացրած «Ընտրական համակարգեր կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահրամ Վարդանյանը, ով նկատեց, որ ընտրությունների օրը կուսակցությունների մի մասի միջև եղել է սև համագործակցություն` հանձնաժողովների մակարդակով: «Թե իշխանական ուժերը, թե ընդդիմությունը կոալիցիա կազմած խախտումներ էին անում: Ճնշումներն ու խախտումները եղել են երկու կուսակցությունների կողմից` ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի, նաև աչքի է ընկել ԲՀԿ-ն»,- ասաց նա: Վահրամ Վարդանյանը արձանագրեց նաև, որ կոպիտ խախտումներ շատ են եղել` ընդհուպ մինչև քվեաթերթիկների առևանգում: Ըստ նրա` ընտրակեղծիքներ են եղել քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ:

Դիտորդական առաքելություն իրականացրած հասարակական կազմակերպության նախագահը նշեց, որ բուն օրվա ընտրախախտումները այդքան էլ չեն ազդել արդյունքների վրա, իսկ ընտրախախտումները` վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրակաշառքի բաժանում, արձանագրվել են հիմնականում մինչ ընտրության օրը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---