Վ.Օսկանյան. ԵՄ-ի հետ համագործակցության փուլից Հայաստանը անցնում է դեպի ինտեգրման փուլ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնաբանել է այսօր Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ Եռյակ հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամոլ ծառայությունը: ՀՀ ԱԳ նախարարը մասնավորապես ասել է. «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական Հանձնաժողովին, անձամբ Գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանային լավ ընդունելության եւ վերջին տարվա ընթացքում կատարված արդյունավետ աշխատանքի համար: Այս կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնում նաեւ Լյուքսեմբուրգի եւ Բրիտանական նախագահություններին, որոնց օրոք հնարավոր եղավ որոշում ընդունել եւ սկսել մշակել Հայաստանի գործողությունների ծրագիրը, եւ ողջունել Ավստրիայի գալիք նախագահությունը ու հույս հայտնել, որ հաջորդ տարվա առաջին իսկ ամիսներին մենք կկարողանանք ավարտին հասցնել գործողությունների ծրագիրը եւ այն դնել կիրառման մեջ:



ԵՄ-Հայաստան այսօրվա հանդիպումը տեղի է ունենում նոր զարգացումների հենքի վրա. նախ, լուրջ գործընթաց է սկսվել Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, երկրորդ` Հայաստանում իրականացվել են սահմանադրական բարեփոխումները, երրորդ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում գրանցվել է առաջընթաց, որը նոր հեռանկարներ է բացում խնդրի լուծման համար, չորրորդ` այս օրերին ավարտին հասցվեց Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հաստատման ընթացքը: Սրան պետք է ավելացնել, որ 2005 թվականը ԵՄ-Հայաստան հարաբերությունների առումով բավական լեցուն տարի էր. իրականացվել են ինտենսիվ փոխայցելություններ, որոնք ավարտվել են Հայաստանի նախագահի այցով Բրյուսել եւ տարեվերջի այս հանդիպմամբ:





Այսքանից կուզենայի կենտրոնանալ երկու հարցի վրա: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Եվրոպական հարեւանության քաղաքականությանը եւ համարում, որ այն մեզ համար ստեղծում է միանգամայն նոր հնարավորություններ, մեր հարաբերությունները բարձրացնում նոր մակարդակի: Մենք գտնում ենք, որ սրանով Եվրոպական միության հետ համագործակցության փուլից որոշ ոլորտներում անցում ենք կատարում դեպի ինտեգրման փուլ: Եվրոպական հարեւանության քաղաքականությունն ընդհանրապես եւ Հայաստանի գործողությունների ծրագիրը մասնավորապես նաեւ հավելյալ միջոց եւ հենարան է մեր բարեփոխումների շարունակականության ապահովման, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերիշխանության եւ ժողովրդավարական ազատությունների համար: Այսօրվա մեր քննարկումների մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը զբաղեցնում է կենտրոնական տեղ: Մենք գտնում ենք, որ 2005թ. Պրահայի գործընթացի շրջանակներում եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների ընթացքում ստեղծվել է լավ հիմք 2006թ. առավել խորքային առաջընթաց գրանցելու համար: Մենք համարում ենք, որ հարցի լուծումը պետք է լինի փոխզիջումների հիման վրա, բանակցությունների միջոցով եւ խաղաղ ճանապարհով: Եվ այս առումով Հայաստանը ցուցաբերել է բավարար ճկունություն, որպեսզի մոտեցվի ցանկալի լուծումը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---