ԵԽԽՎ ենթակոմիտեի Ղարաբաղի խնդրին նվիրված նիստում բանակցությունների մանրամասներ չեն հրապարակվի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրությունները Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ենթակոմիտեի շրջանակներում կարող են կրել լոկ արարողակարգային բնույթ, եւ ոչ մի տեղեկատվություն բանակցությունների ընթացքում քննարկվող հարեցրի մանրամասների մասին չի հրապարակվի: Այդ մասին դեկտեմբերի 19-ին Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ փոխղեկավար Արազ Ազիմովը` մեկնաբանելով համանախագահների առաջիկա մասնակցությունը հունվարի 9-ին Փարիզում կայանալիք ԵԽԽՎ ենթակոմիտեի նիստին: Ա.Ազիմովը նշեց, որ համանախագահների հնարավոր զեկույցները եւ ելույթները ԵԽԽՎ ենթակոմիտեում «չեն առանձնանա նորություններով եւ ուղղակի կհաստատեն բանակցային գործընթացի ընթացքը»: «Ադրբեջանն անհամբեր սպասում է ցանկացած նոր փաստաթղթի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ շրջանակներում: Սակայն բանակցային գործընթացը գաղտնի է»,-ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը: Նշենք, որ 2006 թվականի հունվարի 9-ին Փարիզում տեղի կունենա ԵԽԽՎ ենթակոմիտեի նիստը, որին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, կքննարկվի ԵԽ 1416 բանաձեւի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 5 պարագրաֆի կիրառումը: Այդ պարագրաֆում, մասնավորապես, ասվում է. «ԵԽԽՎ-ն դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից պետություններին հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված ջանքերը ակտիվացնելու խնդրանքով եւ հրավիրում է ԵԽԽՎ-ում նրանց ազգային պատվիրակություններին ամեն տարի հաղորդել այդ ուղղությամբ նրանց կառավարությունների կատարած գործողությունների մասին: Այդ նպատակով Վեհաժողովը խնդրում է, որպեսզի Բյուրոն ստեղծի ենթակոմիտե, որտեղ այլոց թվում իրենց մասնակցությունը կբերեն ազգային պատվիրակությունների ղեկավարները», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---