Գերմանական «Կլաս»-ը կարող է գյուղտեխնիկա իրացնել Հայաստանում

Գերմանական «Կլաս»-ը կարող է գյուղտեխնիկա իրացնել Հայաստանում

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության Արևելյան Հանձնաժողովի պատվիրակության անդամներ «ԿԼԱՍ» ընկերության արտահանման գծով տարածաշրջանային փոխտնօրեն Ռայներ Թաուշերին, Գերմանական Բիզնես Ասոցիացիայի տնօրեն Պատրիկ Յունգին և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան քարտուղար Կոնստատնտին Ցելենտին, հայտնում է գյուղնախարարության մամլո ծառայությունը:

«Կլաս»-ը գյուղատնտեսական տեխնիկայի և գործիքների արտադրությամբ Եվրոպայում հայտնի 100-ամյա ընկերություն է , և հյուրերի կողմից այցելության նպատակը վերջինիս արտադրանքը Հայաստանում իրացնելու հնարավորության ուսումնասիրությունն էր:

Նրանք նշեցին , որ ԱՊՀ տարածքում արդեն որոշակի հետաքրքրություն կա իրենց արտադրանքի նկատմամբ , և այս առումով իրենք կցանկանային համագործակցել նաև Հայաստանի հետ: Նրանց հետաքրքրում էր նաև համագործակցությունը բուհական հաստատությունների հետ` գյուղատնտեսության համար որակյալ մասնագետների պատրաստման հարցերում օժանդակելու նկատառումներով:

Հյուրերի խնդրանքով համառոտ ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի թարմացումն այսօր խիստ արդիական է Հայաստանում, այս ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում մի շարք երկրների հետ, ուստի «Կլաս»-ի առաջարկը նույնպես հետաքրքիր է: «Այն կուսումնասիրվի և ձեռքբերման ու ներկրման ընդունելի պայմանների պարագայում հնարավոր կլինի սկիզբ դնել նոր համագործակցության»,- նշեց նախարարը, առաջարկելով սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան տեղեկատվություն ընկերության արտադրանքի մասին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---