Ա.Բաղդասարյան. ՀՀ համայնքների գերակշիռ մասում չէր կարող լինել 100-տոկոսանոց մասնակցություն հանրաքվեին

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին նոյեմբերի 27-ին կայացած սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների առնչությամբ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ես եղել եւ մնում եմ այն կարծիքին, որ եղել են լցոնման դեպքեր, ինչը պատիվ չի բերում մեր երկրին, քանի որ ոմանք արջի ծառայություն մատուցելով, հարված են հասցնում Հայաստանի միջազգային վարկին: ԱԺ եւ «Օրինաց երկիր» կուսակցության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ համայնքների գերակշիռ մասում ընտրողները հարյուր տոկոսով չեն կարող մասնակցել քվեարկությանը` մի դեպքում երկրից բացակայության, մեկ այլ դեպքում հիվանդության կամ ընտրողների ցուցակները իդեալական չլինելու եւ այլ պատճառներով: Մինչդեռ մի շարք ընտրական տեղամասերի արձանագրությունների թվերը ցույց են տալիս, որ արձանագրվել է հարյուր կամ իննսուն տոկոսանոց մասնակցություն: Ձեզ ներկայացնելով նշված տեղամասերից մի քանիսի ցանկը, կարծում եմ ճիշտ կլինի ստուգել այդ համայնքների ընտրողների իրական թիվը եւ պատկերը Ձեզ պարզ կլինի: Ավելին, թերեւս դժվար չի լինի ԿԸՀ-ից ստանալ այն տեղամասերի թիվը, որտեղ ընտրության մասնակիցների թիվը 90 տոկոս եւ ավելին է եղել: Որոշ տեղամասերի համեմատությունը սոցիալական քարտեր ստացած քաղաքացիների թվի եւ ընտրության «մասնակիցների» թվերի միջեւ եւս հակառակն է ցույց տալիս:



Ընտրատեղամասերում ընտրական գործընթացների օրինականության բազմաթիվ եւ բազմապիսի խախտումների մասին է վկայում «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու արդյունքում կազմված զեկույցը, որն ամփոփում է հանրապետությունում ձեւավորված ընտրատեղամասերից շուրջ 60 տոկոսում կայացած քվեարկության արդյունքների վերաբերյալ գնահատականը: Ընտրակարգի խախտման եւ քվեաթերթիկների լցոնման գնահատականներ է պարունակում նաեւ ԵԽԽՎ դիտորդական առաքելության արդյունքում պատրաստված զեկույցը: Տեղական եւ միջազգային դիտորդական կազմակերպությունների զեկույցներում տեղ գտած իրավախախտումներից առավել մտահոգիչ ենք համարուm ընտրատեղամասերում քվեաթերթիկների լցոնման փաստերը: Վստահ եմ, որ վերը բերված փաստերի մանրակրկիտ ուսումնասիրությունը ՀՀ Գլխավոր դատախազությանը հնարավորություն կտա իրավական գնահատական տալ հանրաքվեի ընթացքում տեղ գտած իրավախախտումներին»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---