Այսօր Հայաստանը կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը

Այսօր Հայաստանը կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանը 6 ամիս ժամկետով կստանձնի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Այս առիթով Ստրասբուրգ է մեկնել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որտեղ նախատեսված է ԵԽ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում, որի ընթացքում էլ ՀՀ ԱԳ նախարարը կստանձնի նախագահությունը:

«Սա շատ կարևոր հանգրվան է Հայաստանի համար իբրև ԵԽ անդամ երկիր, բայց նաև՝ մեծ պատասխանատվություն, և մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք լավագույնս իրականացնելու մեր նախագահությունը:

ԵԽ նախարարների կոմիտեում մեր նախագահության գերակայությունները ձևավորելիս մենք փորձել ենք համատեղել Եվրոպայի Խորհրդի կարևոր օրակարգային և Հայաստանի համար առաջնային հանդիսացող հարցերը: Կարևորել ենք Եվրոպայի Խորհրդի բոլոր երեք ուղղությունները` մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն: Շատ միջոցառումներ են նախատեսված», - ավելի վաղ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ համատեղ ասուլիսում ասել է էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ է 2001թ. հունվարի 25-ից: Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացը սկիզբ է առել 1995թ.: 1996թ. հունվարի 26-ին ՀՀ Ազգային Ժողովը ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում ստացել է Հատուկ հրավիրյալի կարգավիճակ: 2000թ. նոյեմբերի 9-ին, Նախարարների կոմիտեի թիվ 2000/13 որոշման համաձայն, Հայաստանը ստացել է Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու հրավերը:

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի Խորհրդի հիմնական մարմինների, ինչպես նաև միջկառավարական համագործակցության փորձագիտական կոմիտեների աշխատանքներին և հանդես է գալիս կազմակերպության գործունեության և դերակատարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով:

Ստրասբուրգում գործում է ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը: ԵԽ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչն է Արմեն Պապիկյանը:

ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը ձևավորվում է ՀՀ ԱԺ պատգամավորներից: Այն կազմված է չորս ներկայացուցչից և չորս փոխարինողից: Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակությունը ձևավորվում է ՀՀ տեղական ընտրովի մարմինների ներկայացուցիչներից: Այն կազմված է չորս հիմնական և չորս փոխարինող անդամից:

2003թ. ապրիլի 2-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանից դատավոր է ընտրվել Ալվինա Գյուլումյանը:

Եվրոպայի Խորհրդին անդամակցությունից ի վեր, Հայաստանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ: Վավերացվել են անդամակցությամբ նախատեսված բոլոր Կոնվենցիաները: ԵԽ քարտուղարության և «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական աջակցությամբ ընդունվել և փոփոխվել են ՀՀ համապատասխան Օրենսգրքերն ու օրենքները:

Այսօր Հայաստան – Եվրոպայի Խորհուրդ համագործակցությունը ներառում է կազմակերպության իրավասությունների գրեթե ողջ շրջանակը` հաշվի առնելով Հայաստանի կառավարության առաջնահերթությունները, ինչպես նաև մոնիտորինգային մարմինների առաջարկություններն ու խորհրդատվությունը:

Համագործակցության տարբեր մեխանիզմների շնորհիվ, իրականացվել են մեծ թվով ծրագրեր: Ընթացքի մեջ է 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը: Այն արտացոլում է Հայաստանի գերակայություններն ու միջազգային պարտավորությունները և կոչված է աջակցել Հայաստանին իրականացնելու Եվրոպայի Խորհրդի անդամ-պետության իր կանոնադրային և հատուկ պարտավորությունները, մասնավորապես` շարունակելու բարեփոխումները դատաիրավական և քրեակատարողական համակարգերում և կրթական ոլորտում, խթանելու լրատվամիջոցների ազատությունն ու պաշտպանելու երեխաների իրավունքները, խորացնելու տեղական ժողովրդավարությունը, բարելավելու ընտրական օրենսդրությունն ու պրակտիկան:

Հայաստանը ստորագրել և վավերացրել է Եվրոպայի խորհրդի 57 կոնվենցիա, այդ թվում` մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորագույնները և միացել` 7 մասնակի համաձայնագրի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---