23 դեկտեմբերի 2005 - 17:35 AMT
ԱՀՀ-ն Ցեղասպանության թանգարանին հանձնեց Շվարցենեգերի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ
Ամերիկայի Հայկական համագումարի Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանայնը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է հանձնել Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ արված հայտարարության բնօրինակը: Փաստաթղթում, որը ամրագրված է Կալիֆորնիայի նահանգապետի եւ նահանգի քարտուղար Բրյուս Մաքֆերսոնի ստորագրություններով եւ կնիքով, մասնավորապես ասված է. «90 տարի առաջ Օսմանայն Թուրքիայի կառավարությունը ահաբեկչական պատերազմ է ծավալել հայ մշակույթի դեմ` հայազգի տղամարդկանց, կանանց եւ երեխաների բռնի տեղահանման, ձերբակալությունների եւ սպանությունների միջոցով: 1923թ. Օսմանյան կայսրությունը փլուզվեց, սակայն հրեշավոր էթնիկ զտումների արդյունքում զոհվեց 1,5 մլն հայ, 500 հազարը բռնի տեղահանվեցին հայրենիքից: «Այսօրվա Հայաստանի Հանրապետության գոյությունը հիշեցում է աշխարհին Հայոց ցեղասպանության մասին եւ նրա ժողովրդի ոգու անպարտելիության անհերքելի վկայությունը»: