«Եվրատեսիլի» կազմակերպիչները պարզաբանում են՝ ինչու չեն նկատել Ադրբեջանի խարդախությունը

«Եվրատեսիլի» կազմակերպիչները պարզաբանում են՝ ինչու չեն նկատել Ադրբեջանի խարդախությունը

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի արդյունքներով, ինչպես հիշում եք, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել էր Ադրբեջանի ներկայացուցիչը: Մրցույթի հաջորդ օրը լիտվական 15min.lt լրատվական գործակալությունը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ երևում ու լսվում էր, թե ինչպես էին երկու ռուսախոս տղամարդիկ բացեիբաց գումար առաջարկում քաղաքացի ձևացած գործակալության լրագրողներին, որպեսզի նրանք մրցույթի եզրափակիչում քվեարկության ընթացքում միանգամից մի քանի հեռախոսներից հնարավորինս շատ sms-հաղորդագրություններ ուղարկեն Ադրբեջանի մասնակցի օգտին:

Փորձելով պարզել, թե որքանով է այս ամենը համապատասխանում իրականությանը, արդյոք Եվրատեսիլի ներկայացուցիչները տեղյակ են այս խարդախության մասին ու եթե այո, ապա ձեռնարկվում են քայլեր, թե՝ ոչ, PanARMENIAN.Net ի թղթակիցը կապվեց Եվրոպայի հեռահաղորդակցողների միության «Եվրատեսիլի» հարցերով հասարակայնության հետ կապերի պատասխանատու Յարմո Սիմի հետ: Ինչպես նա մեզ տեղեկացրեց, «Եվրատեսիլի» քվեարկության արդյունքները հաշվարկող համակարգն այնքան անթերի է, որ ֆիքսում է անգամ ամենափոքր խախտումները: Սիմը հավելեց նաև, որ թեև նրանք չենք հրապարակում խախտումները, բայց դրանք լինում են: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ապա նա ասաց, որ անգամ եթե նման խարդախություն տեղի ունեցած լիներ, ու որքան էլ ձայների գողերը փորձեին քաղաքի տարբեր մասերից հաղորդագրություններ ուղարկել, իրենց համակարգը, միևնույն է, ֆիքսած կլինի այդ ամենն ու այդ ձայները պարզապես հաշվի չեն առնվի:

«Sms-հաղորդագրությունների միջոցով քվեարկությունն ապահովելու համար մենք արդեն 10 տարի՝ է աշխատում ենք Digame ընկերության հետ: Իրենց համակարգը ստեղծված է հեռուստաքվեարկությունը պրոֆեսիոնալ կերպով ապահովելու համար ու անմիջապես հայտնաբերում է խարդախությունները, երբ մարդիկ կամ ինչ-որ համակարգեր փորձում են ավտոմատ քվեարկել կոնկրետ մասնակցի օգտին: Նման դեպքերը հայտնաբերվում են, իսկ ձայները հաշվի չեն առնվում»,- ասաց Յարմո Սիմը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե արդյոք իրենք ստացել են կոնկրետ այս կամ նման այլ խախտումների մասին հաղորդագրություններ ու ահազանգեր, Սիմն ասաց, որ անգամ եթե ստացած լինեն՝ նման տեղեկություններ չեն բացահայտում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---