2005 թվականին ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առանցքային տեղ է զբաղեցրել

PanARMENIAN.Net - Ընդհանրապես ողջ 2005 թվականի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առանցքային տեղ է զբաղեցրել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2005 թվականին ՀՀ ԱԳՆ գործունեության արդյունքներին նվիրված այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, հունվար ամսին սկիզբ առավ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների Պրահայի հանդիպումների երկրորդ փուլը, որը տրամաբանական շարունակությունն էր երկու երկրների միջեւ 2004 թվականի բանակցային ձեւաչափի: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ունեցան երկու հանդիպում (Վարշավա եւ Կազան), որոնք ուղեցույց էին հանդիսանում արտաքին գործերի նախարարների հանդիպումների երկրորդ փուլի բանակացությունների համար:



Ինչպես նշեց Վարդան Օսկանյանը, առաջնորդվելով փոխզիջումների հիման վրա խաղաղ ճանապարհով հարցի լուծման սկզբունքով` Հայաստանը ցուցաբերել է անհրաժեշտ ճկունություն: Բավարար ակտիվություն եւ կառուցողական մոտեցում են ցուցաբերել հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ստեղծվել է լավ հիմք` 2006 թվականին բանակցային գործընթացում 2005 թվականին տեղի ունեցած դրական միտումները պահպանելու եւ առավել խորքային առաջընթաց գրանցելու համար: «Տարվա սկզբին հակամարտության գոտում ԵԱՀԿ Մինսկի խումբն իր մանդատի շրջանակներում իրականացրեց փաստահավաք առաքելություն, որը չհաստատեց հակամարտության գոտում զանգվածային բնակեցում եւ քաղաքականություն իրականացնելու համար Հայաստանին ուղղված Ադրբեջանի պնդումները»,-հայտարարել է Վ.Օսկանյանը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի գլխավոր հանձնաժողովը 2005թ. դեկտեմբերի 13-ին մերժեց նաեւ ՎՈՒԱՄ-ի առաջարկը Սեւծովյան ավազանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի հակամարտությունների հարցը ՄԱԿ-ի ԳՎ օրակարգ մտցնելու մասին: Այս ամենով հանդերձ, նրա խոսքերով, Հայաստանը քաղաքական կամք է դրսեւորել շարունակելու բանակցային գործընթացը` կոչ անելով քննարկումների սեղանին դնել իրատեսական հարցադրումներ եւ դիրքորոշումներ: «Այսօր մեզ համար խնդրի կարգավորման հիմքը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է: Միայն Ադրբեջանի կողմից այս փաստի ընդունումը եւ դրա փաստաթղթային ամրագրումը հնարավոր կդարձնի սկսել խնդրի կարգավորումը»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---