Երկաթուղային հարցը մթագնում է հայ-վրացական հարաբերությունները

PanARMENIAN.Net - 2005 թվականին հայ-վրացական հարաբերությունները հարուստ են եղել բարձրաստիճան հանդիպումներով: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2005 թվականին ՀՀ ԱԳՆ գործունեության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ապրիլին կայացել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այցը Թբիլիսի, իսկ օգոստոսին` Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու պատասխան այցը Երեւան: Մայիսին պաշտոնական այցով Վրաստան է այցելել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Տարվա ընթացքում փոխայցելություններ են կատարել նաեւ ՀՀ եւ Վրաստանի վարչապետները: Նրանց ղեկավարությամբ սեպտեմբերին Երեւանում գումարվել է հայ-վրացական միջակառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը: Ինչպես նշել է ՀՀ արտգործնախարարը, 2005թ. ընթացքում պահպանվել են Վրաստանի երկաթգծով հայաստանյան բեռնափոխադրումների համար սահմանված զեղչ սակագները: Տարվա սկզբին Վրաստանը միակողմանի էականորեն իջեցրեց Հայաստանից ավտոտրանսպորտային միջոցների Վրաստան մուտք գործելու համար սահմանված տուրքերը: Հայաստանը նույնպես քննարկում է Վրաստանի նկատմամբ ճանապարհային տուրքերի նվազեցման հարցը: Վրաստանի ներքին իրավիճակի կայունացման պայմաններում նկատելի աճ է արձանագրվել վրացական շուկա հայկական արտադրանքի արտահանման ցուցանիշներում: «Գրանդ Տոբակո» ընկերությունը Վրաստանում կառուցում է համատեղ արտադրության գործարան: Մեծ ակտիվություն է արձանագրվել նաեւ զբոսաշրջության ոլորտում` ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ իրենց հանգիստը անցկացրեցին Վրաստանի սեւծովյան ափերին: Ինչպես նշեց Հայաստանի ԱԳ նախարարը, երկկողմ շփումների օրակարգում մշտապես արծարծվել են Վրաստանի, ներառյալ Ջավախքի հայ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման եւ մշակութային ինքնության պահպանման հարցեր: Հայաստանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորության սահմաններում մասնակցել Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման աշխատանքներին: «Վրաստանն ընդունել է մեր առաջարկը, եւ առաջին փուլում նախատեսվում է մասնակցել կրթական հաստատությունների վերակառուցմանը»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը: 2005թ. ընթացքում շարունակվել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման բանակցային եւ տեխնիկական աշխատանքները: Սակայն, Վրաստանի հետ հարաբերություններում մեզ համար շարունակում է մտահոգիչ մնալ Կարս-Ախալքալակ երկաթուղու կառուցման խնդիրը: Այս կապակցությամբ մենք մեր տեսակետը փոխանցել ենք վրացական կողմին, նշել է Վ.Օսկանյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---