Հայաստանը շարունակում է կարեւորել հարաբերությունների զարգացումը Իրանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանը կարեւորում է Իրանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը եւ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2005 թվականին ՀՀ ԱԳՆ գործունեության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: Ընդհանուր առմամբ, նրա խոսքերով, առաջընթաց է գրանցվել էներգետիկայի, տրանսպորտի եւ մշակութային համագործակցության բնագավառներում, շարունակվել է քաղաքական երկխոսությունը տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ: 2005 թվականին շարունակվեց նաեւ քաղաքական երկխոսությունը միջազգային եջ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Ըստ նախարարի, հայ-իրանական երկկողմ համագործակցությունը հիմնականում կենտրոնացած է եղել հետեւյալ ծրագրերի վրա.

. Իրան-Հայաստան գազամուղի կառուցում,

. Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շահագործում,

. Արաքս գետի վրա համատեղ հիդրոէլեկտրակայանի կառուցում,

. Այլընտրանքային էլեկտրաէներգետիկայի բնագավառի զարգացում,

. Հայաստան-Իրան այլընտրանքային ավտոճանապարհի շահագործում (Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Դարավան հատվածում),

. Հայաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների զարգացում,

. 2006թ. «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Համաձայնագրին Հայաստանի լիիրավ անդամակցում,

. Հայաստան-Իրան սահմանային շուկայի վերագործարկում:



Ինչպես նշել է Վ.Օսկանյանը, 2005թ. լի էր բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններով: «Տարվա կարեւոր միջոցառումը դեկտեմբերի սկզբին Հայաստանում իրանական դրամաշնորհով կառուցված հողմաէլեկտրակայանի պաշտոնական բացման արարողությունն էր, որին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանեց ԻԻՀ էներգետիկայի նախարարը»,-նշեց ՀՀ ԱԳ նախարարը: Այցի ընթացքում ստորագրվեց «Փոխըմբռնման հուշագիր էներգետիկ բնագավառի համագործակցության վերաբերյալ»: Հատկապես մեծ ուշադրություն է հատկացվել Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը` որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ էներգակիրներով ապահովման ու դիվերսիֆիկացման կարեւորագույն գործոններից մեկը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---