Վրաստանի ԱԳՆ ղեկավար. Մենք երբեք չենք իրագործել ռազմավարական նախագծեր հարեւաններին մեկուսացնելու նպատակով

PanARMENIAN.Net - «Մենք շարունակում ենք ամուր բարեկամության տուն կառուցել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, եւ իմ այսօրվա այցը դրա ապացույցն է»,-հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին այսօր Երեւանում կայացած Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նա հատուկ նշեց եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը: Նրա խոսքերով, «մենք պետք է միասին ընթանանք այդ ուղիով»: Համագործակցության առումով կարեւոր ուղղությունների թվում Վրաստանի ԱԳ նախարարը նշեց զբոսաշրջության, էներգետիկայի եւ առեւտրի ոլորտները: «Ամենակարեւորը գործարար շրջանակների մակարդակով ուղիղ երկխոսություն ապահովելն է»,-հայտարարել է Գելա Բեժուաշվիլին: Նա նաեւ հաղորդեց, որ Վրաստանը բացի սեւծովյան հանգստավայրերի ենթակառուցվածքների բարելավումից, զարգացնում է նաեւ լեռնադահուկային հանգստավայրերը: Մեկնաբանելով այն հարցը, թե ինչու է Ադրբեջանը համարվում Վրաստանի ռազմավարական, իսկ Հայաստանը` պրագմատիկ գործընկերը, Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «դրանք անվտանգության ռազմավարության հարցեր են, եւ այդ առումով Վրաստանն ունի 3 ռազմավարական գործընկեր` ԱՄՆ-ն, Ուկրաինան եւ Թուրքիան, սակայն դա չի նշանակում, թե մենք չպետք է ռազմավարական հարաբերություններ ձեւավորենք Հայաստանի հետ»,-հայտարարել է Գելա Բեժուաշվիլին:



Անդրադառնալով անցյալ տարվա վերջում ընդունված Վրաստանի հայաբնակ Սամցխե Ջավախքի զարգացման ծրագրին, Վրաստանի ԱԳ նախարարը հաղորդել է, որ այդ ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար, նրա բյուջեն կազմում է շուրջ 130 մլն դոլար, որոնք կուղղվեն ճանապարհների վերանորոգմանն ու կառուցմանը, շրջանի ենթակառուցվածքների բարելավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: «Միջոցներ կհատկացվեն նաեւ մանր եւ միջին բիզնեսի զարգացման համար»,-հաղորդել է նա: Պատասխանելով Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման մասին հարցին` Գ.Բեժուաշվիլին նշեց, որ շինարարությունը դեռեւս չի սկսվել, նախագիծը տնտեսական հաշվարկների փուլում է գտնվում: «Սակայն, մենք երբեք չենք մշակել ռազմավարական նախագծեր հարեւաններին մեկուսացնելու նպատակով»,-հայտարարել է նա:



Մեկնաբանելով այն հարցը, թե հնարավոր է, որ Ռուսաստանի կողմից գազի գների բարձրացման արդյունքում Վրաստանը Հայաստանի տարածքով գազ ներկրի Իրանից , Վրաստանի ԱԳ նախարարը նշեց, թե «տեխնիկապես դա դեռեւս հնարավոր չէ»: Սակայն չբացառեց այդ հարցի քննարկման հավանականությունը այն բանից հետո, երբ գազամուղը սկսի լիարժեք գործել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---