Գերմանիայի դեսպանը կարևորում է բնապահպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը

Գերմանիայի դեսպանը կարևորում է  բնապահպանության ոլորտում Հայաստանի հետ  համագործակցությունը

PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելիին:

Նախարարը ողջունելով դեսպանին նշել է, որ կարևորում է բնապահպանության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այս տարվա փետրվարի 26-28-ը նախարարի Գերմանիա կատարած այցի արդյունքներին: Արամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և խոսել «Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համատեղ հռչակագրի շրջանակներում կատարվող աշխատանքների մասին:

Անդրադարձ է կատարվել Գերմանական վերակառուցման բանկի (KfW), Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպություն (GIZ), գերմանական Բնության պահպանության և կենսաբազմազանության միություն (NABU) կազմակերպությունների և միջազգային WWF-ի հետ ակտիվ համագործակցությանը:

Դեսպանը իր հեթին նույնպես բարձր է գնահատել Հայաստանի հետ բնապահպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը:Մորելիի խնդրանքով նախարար Հարությունյանը ներկայացրել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ապահով չեզոքացման ծրագրի ընթացքի մասին: Նախարարի տեղեկացմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ:

«Ներկայումս քննարկվում են թունաքիմիկատների ոչնչացման 2 տարբերակ՝ ոչնչացումն իրականացնել Հայաստանում կամ թունաքիմիկատները Հայաստանից արտահանելով՝ թունաքիմիկատների ոչնչացումն իրականացնող համապատասխան հզորություններ ունեցող երկրում»-նշել է Արամ Հարությունյանը:

Հանդիպման ավարտին նախարարը դեսպանին հրավիրել է համատեղ այց կազմակերպել Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներից որևէ մեկը, ինչը շնորհակալությամբ է ընդունվել դեսպանի կողմից: Կողմերը պայմանավորվել են նաև ակտիվ հանդիպումների միջոցով ավելի ակտիվացնել համագործակցությունը բնապահպանության ոլորտում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---