Ռ.Քոչարյանը «պատրաստ է Ռուսաստանին փոխանցել Իրան-Հայաստան գազատարի բաժնետոմսերի 45 տոկոսը», հայտարարում է «Կոմերսանտը»

PanARMENIAN.Net - Երեկ երկօրյա այցով Մոսկվա է ժամանել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ռուսաստանի մայրաքաղաք այցելության ձեւական պատրվակը Ռուսաստանում Հայաստանի տարվա բացումն է: Մինչդեռ Ռ.Քոչարյանի այցի հիմնական նպատակը ռուսական գազի սակագնի շուրջ բանակցություններն են, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը: «Հայաստանը փոխում է իրանական գազը ռուսականի հետ» հոդվածում նշվում է, որ Մոսկվան ռազմավարական դաշնակցին ներկայացրել է վերջնագիր. կամ գազի գինը բարձրանում է մինչեւ 110 դոլար, կամ Հայաստանը «Գազպրոմին» է փոխանցում իր գազային ենթակառուցվածքը եւ եւս մեկ տարի օգտվում է էժան գազից: Ռոբերտ Քոչարյանն ընդունել է վերջնագիրը եւ պատրաստ է Ռուսաստանին փոխանցել Իրան-Հայաստան կառուցվող գազատարի բաժնետոմսերի 45 տոկոսը», հաղորդում է «Կոմերսանտը» հղում անելով Հայաստանի նախագահի աշխատակազմի մի պաշտոնյաի:



Անցյալ տարեվերջին Մոսկվան, Երեւանի համար անսպասելի հայտարարեց, որ 2006 թվականից Հայաստանը պետք է 110 դոլար վճարի հազար խորանարդ մետր գազի համար նախկին 54 դոլարի փոխարեն: Ըստ էության, Մոսկվան պահանջել է Անդրկովկասում Ռուսաստանի միակ «ռազմավարական գործընկերոջից» վճարել գազի համար նույնքան, որքան վճարելու է բացահայտ ոչ բարյացակամ տրամադրված Վրաստանը: Հարցը կտրուկ է դրվել. կամ Հայաստանը գազը կգնի նոր գնով, կամ փոխարենը Ռուսաստանին կհանձնի երկու առանցքային արդյունաբերական օբյեկտները` Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը եւ հանրապետության ողջ գազատրանսպորտային համակարգը: Վերջնագիրը անակնկալ եղավ Հայաստանի իշխանությունների համար, գրում է թերթը: «Երեւանում մինչեւ վերջ հույս ունեին, որ ակտիվ ռուսամետ քաղաքականությունը եւ աջակցությունը Կրեմլի բոլոր արտաքին քաղաքական նախաձեռնություններին թույլ կտա Հայաստանին խուսափել ԱՊՀ մյուս երկրների ճակատագրից: Սակայն Ռուսաստանը պնդում է, որ իր գազային հարաբերությունները տեղափոխում է «շուկայական հիմքերի վրա»: Ռուսաստանի կողմից առաջարկվող գազի նոր սակագինը անընդունելի է ոչ այնքան հարուստ Հայաստանի համար: Նախագահ Քոչարյանը մտածում էր ռուսական վերջնագրի շուրջ գրեթե մեկ ամիս եւ ահա ի վերջո որոշեց ընդունել Կրեմլի պարտադրած պայմանները»,-ասվում է հոդվածում:



Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», «Ռ.Քոչարյանը Մոսկվա է բերել մի նախագիծ, ըստ որի Ռուսաստանին է առաջարկվում Իրան-Հայաստան գազատարի բաժնետոմսերի 45 տոկոսը (շինարարությունը նախատեսվում է ավարտել արդեն այս տարի)»: Երեւանը պատրաստ է գնալ նման զիջումների միայն թե ռուսական գազի գինը նույնը մնա: Փաստորեն Հայաստանը Ռուսաստանին է փոխանցում ռազմավարական նշնակություն ունեցող միակ էներգետիկ օբյեկտը եւ ապագայում երաշխավորված եկամուտի աղբյուրը: Ճիշտ է, նույնիսկ գնալով նման անշահավետ քայլի, Երեւանում համոզված չեն, որ Մոսկվան չի պահանջի կառուցվող գազատարի ավելի մեծ բաժնեմաս: Ստանալով այդ խողովակը, Ռուսաստանը կկարողանա վերահսկել իրանական գազի հետագա տարանցումը դեպի Վրաստան, Ուկրաինա եւ Եվրոպա:



«Ռազմավարական գործընկերոջ» նման ոչ բարեկամական վարքագիծը լրջորեն անհանգստացրել է Երեւանին: Այնտեղ նույնիսկ սկսել են մտածել Մոսկվայի հետ հարաբերությունները շուկայական հիմքի վրա տեղափոխելու շուրջ: Հատկապես այն ոլորտում, որը վերաբերում է ռազմական համագործակցութայնը: Հայ դիտորդները կարծում են, որ Մոսկվայի հետ սակարկության մեջ միակ հաղթաթուղթը, որ կա Ռոբերտ Քոչարյանի մոտ, դա ռուսական ռազմակայանն է: Այժմ Ռուսաստանը ոչ մի կոպեկ չի վճարում Թուրքիայի սահմանամերձ Գյումրիի մոտ տեղակայված ռազմակայանի համար, որտեղ ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգի շրջանակներում հերթապահում են C-300 հրթիռազենիթային համալիրները եւ ՄիԳ-29 կործանիչները: Նույնիսկ կոմունալ ծախսերը կրում է Երեւանը: Հայաստանի նախագահը իրապես կարող է հարց բարձրացնել վարձակալման վճարի մասին, որը հնարավոր կլինի ամեն տարի ճշտել փոխհարաբերությունների բարեկամական հարաբերությունների աստիճանից ելնելով»,-նշում է «Կոմերսանտը»:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---