Հայաստան-Մալթա. «Պայքար լրագրողական դաշտում»` պարտվողները մենք էինք

Հայաստան-Մալթա. «Պայքար լրագրողական դաշտում»`  պարտվողները մենք էինք

PanARMENIAN.Net - Սպորտը մոռացնել է տալիս ամեն ինչ, ստիպում մի որոշ ժամանակ վերանալ աշխարհից ու երկրպագել: Կրկնակի հաճույք ու անբացատրելի զգացողություններ ես ունենում, երբ հետևում ես քո երկրի ներկայացուցիչներին: Ամեն մի մարզաձև էլ իր երկրպագուններն ունի, սակայն ֆուտբոլի մասսայականության մասին երկու կարծիք լինել չի կարող:

Չնայած երեկվա Հայաստան- Մալթա խաղին հանրապետական ստադիոնը կիսադատարկ էր, բայց միևնույն է, մեր հավաքականի խաղին սպասում էին շատերը: Եվ սպասում էին, իհարկե, հաղթանակի. «Հաստատ կհաղթեն մերոնք, բա ամոթ չի՞ Մալթայից էլ պարտվենք»,- ասում էին գրեթե բոլորը:

Փաստորեն պարտվեցինք ու փաստորեն «ամոթ» է:

Բայց սրա մասին չէ, որ ցանկանում ենք գրել:

Երեկ հանրապետական ստադիոնում հենց մեր կողքին նստած էին Մալթայից ժամանած լրագրողները: Մինչ խաղը նրանք կարծես արդեն պատրաստվել էին պարտությանը, սակայն ամեն ինչ փոխվեց գոլից հետո: Ու այդ պահին մենք հիշեցինք 2010 թվականի Հայաստան- Սլովակիա հանդիպումը:

Այդ օրը ևս սլովակ լրագրողները մեզ մոտ էին նստած: Խաղը սկսվեց, անցան րոպեներ ու նրանց թիմը բացեց խաղի հաշիվը: Լրագրողներից մեկը վեր թռավ, ուրախացավ, ու չգիտես ինչու, սկսեց գոռալ մեզ վրա, ջղայնանալ ու մի տեսակ կռվի մեջ քաշել: Մենք էլ հանկարծակիի եկած սկսեցինք հայերենով պատասխանել նրան… Նա սլովակերեն, մենք հայերեն, մինչև որ մյուս լրագրողը մի կողմ տարավ իր գործընկերոջը:

Մենք զայրացած այդ տղամարդու պահելաձևից մի բան էինք երազում, որ մեր տղաներն անպայման գոլ խփեն: Ու մի տեսակ այդ հաղթանակի ցանկությունը կրկնապատկվել, եռապատկվել էր մեր մեջ: Ու հանկարծ… գոլ, մենք ցնծում ենք, այո, այդ գոլը խփեց Հայաստանի հավաքականը, բայց այն նաև մերն էր, քանի որ սլովակ լրագրողին մենք ապացուցելու բան ունեինք:

Անցավ ժամանակ ու կրկին գոլ, հետո եղավ նաև երրորդ գոլը, ու «մեր սլովակն» արդեն նույնիսկ չէր խոսում: Փոխարենը մենք էինք հպարտ, ուրախ ու ուժեղ զգում մեզ: Այո, մեր ֆուտբոլի հավաքականը թույլ տվեց մեզ` լրագրողներիս, հաղթանակի մեջ ունենալ նաև մեր բաժինը, երբ այդ նույն սլովակը շնորհավորեց մեզ ու գովեց մեր ֆուտբոլիստների խաղը:

Լարված, ջղային, նյարդայնացած, բայց և ուրախ ու հպարտությամբ լի այսպիսի խաղ մեր հավաքականը մեզ չէր նվիրել: Այս ամենը մինչ այսօր ոչ ոք բացի մեզնից չգիտեր: Բայց երեկ մալթացի լրագրողի ուրախության աղաղակները հիշեցրին սլովակին: Մենք մի ցանկություն ունեինք, որ կրկնվեր 2010-ի հաղթական ավարտն ու կրկին հնչեին շնորհավորանքներ: Բայց ամեն ինչ ապարդյուն էր: Հայաստանը պարտվեց Մալթայից: Նրանց լրագրողներն ուրախացան, մենք տխրեցինք:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---