Ա.Աղաբեկյան. Հայաստանն ապացուցեց, որ ի վիճակի է անցկացնել բարձր մակարդակի ցանկացած զորավարժություն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Rescuer 2006 զորավարժությունների անցկացումն այս տարվա հուլիսին Հայաստանում մեծ նշանակություն կունենա հայ մասնագետների պատրաստման համար: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է պաշտպանության նախարարաի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, հայկական կողմը դեռ մի քանի տարի առաջ էր դիմել ԱՄՆ Եվրոպական հրամանատարությանը` Հայաստանում նման զորավարժություններ անցկացնելու առաջարկով: Հայաստանը նախկինում մասնակցել է չորս նման զորավարժությունների Վրաստանում, Ուկրաինայում եւ Բալթյան երկրներում: «Հայաստանում ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հաջողությամբ անցկացնելով Cooperative Best Effort-2003 զորավարժությունները, մենք ապացուցեցինք, որ ի վիճակի ենք անցկացնել նման մակարդակի ցանկացած զորավարժություն», - ասել է Արթուր Աղաբեկյանը:



Զորավարժությունները նախատեսվում է անցկացնել ռազմական ավիացիայի ուսումնարանի տարածքում եւ Երեւանի այլ վայրերում: Ըստ զորավարժության սցենարի, երկրում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ եւ, ահաբեկիչները, օգտվելով դրանից, փորձում են տապալել իշխանությունը եւ խոչընդոտում են փրկարարական աշխատանքների անցկացմանը: Զինվորականները, բժիշկները եւ փրկարարները արտերկրյա իրենց գործընկերների հետ պետք է ձեւավորեն բազմազգ ստորաբաժանումներ: Զորավարժությունների ժամանակ կկիրառվեն նաեւ ամերիկյան կողմի տրամադրած սարքավորումները, մասնավորապես, շարժական հոսպիտալը: ՀՀ պաշտպանության նախարարի փոխղեկավարը նշել է, որ զորավարժություններին կմասնակցեն շուրջ 250 սպաներ եւ մասնագետներ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր շուրջ 20 երկրներից: Ըստ նրա, զորավարժությունների կազմակերպմանը, բացի ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունից կմասնակցեն նաեւ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը եւ Կանզաս նահանգի Ազգային գվարդիան:



Արթուր Աղաբեկյանը նշել է նաեւ, որ նման զորավարժություն զուգահեռաբար կանցկացվի նաեւ Ղազախստանում կամ Ղրղզստանում: Զորավարժությունների ընդհանուր կապը կիրականացվի Մոսկվայում գտնվող կապի կենտրոնից: Նա ավելացրել է նաեւ, որ մարտին Կանզասում տեղի կունենան ամերիկյան ստորաբաժանումների զորավարժությունները, որոնց կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---