Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար. Փարիզը գնահատում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության շուրջ ծավալված հասարակական երկխոսությունը

PanARMENIAN.Net - «Ֆրանսիայում Հայաստանի տարվան հաջորդելու է Թուրքիայի տարին», - Թուրքիա կատարած պաշտոնական այցի ավարտին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին: Այցի ժամանակ Թուրքիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հանդեպ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը, իսրայելապաղեստինյան հակամարտությունը, Եվրամիության ընդարձակմանն ու Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցեր: Խոսելով Ֆրանսիայում ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի մասին, Ֆիլիպ Դուստ-Բլազին ասել է. - «Այդ խնդիրը մարդկանց հուզում է նույնքան, որքան պատմաբաններին...Ֆրանսիան գնահատում է թուրքական հասարակության մեջ այս հարցի շուրջ ծավալվող երկխոսությունը: Հստակ է, որ 2001 թվականին Ֆրանսիայում ընդունված օրենքը արտացոլում է հասարակության վերաբերմունքը` 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության նկատմամբ»,-նշել է նա: Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչը, չնայած երկու երկրների միջեւ վերջերս սրված հարաբերություններին, այցի ընթացքում բավական ջերմորեն է խոսել թե երկու երկրների հարաբերությունների, թե Թուրքիայում իրականացվող բարեփոխումների, եւ թե Եվրամիությանն անդամակցելու այդ երկրի հնարավորության մասին:



Ինչպես գրում է թուրքական «Թրքիշ դեյլի նյուս»-ը, թուրք վերլուծաբանները հակված չեն գերգնահատելու պաշտոնական Փարիզի կողմից ցուցաբերվող «ջերմացումը», չնայած այն փաստին, որ Ֆրանսիան թվով հինգերորդ է Թուրքիայում կատարած ներդրումներով»: «Ֆրանսիան շարունակում է ամեն կերպ աջակցել հունական Կիպրոսին եւ հայերին, իսկ 2007 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու հավակնություններ ունեցող Նիկոլա Սարկոզին առիթը բաց չի թողնում Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ջանքերին խոչընդոտելու համար: Սրանք խնդիրներ են, որոնք լուծում չեն ստանա մոտ ապագայում», արձանագրում են թուրք վերլուծաբանները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---