Քաղաքագետ. Լուկաշենկոյի բառերը ճիշտ կլիներ ընդունել որպես մեղադրանք Ադրբեջանին

Քաղաքագետ. Լուկաշենկոյի բառերը ճիշտ կլիներ ընդունել որպես մեղադրանք Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Իսկապես հնարավոր է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկած լինի Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունների միջնորդ լինել և հայկական կողմն էլ համաձայնած լինի: «Իհարկե, գլխավոր խաղաղարարը և բանակցային կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը` մեկնաբանելով Լուկաշենկոյի հայտարարությունը, թե ԼՂ խնդիրը պետք է լուծել, որ ինքը միջնորդի դերը չի սիրում, և Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում որպես միջնորդ առաջարկել է Ուկրաինային:

«Հայաստանը միշտ ձգտել է որևէ միջնորդի կողմից արված առաջարկը չմերժել, դա կարող էր լինել ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ, ինչպես ժամանակին Ղրղզստանն էր: Ինչպես գիտեք, Ղրղզստանի Բիշկեքում ստորագրվեց հրադադարի պայմանագիրը»,- նկատեց նա: Լևոն Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ Բելառուսը Մինսկի խմբի անդամ է: «Երևի մի քիչ ուսումնասիրելով խնդրի էությունը, Լուկաշենկոն, որպես խելամիտ մարդ, հասկացել է, որ ինքն այստեղ որևէ բան անել չի կարող և, ինչպես ինքն է ասում, այդ դերն առաջարկել է Ուկրաինային: Դա ցույց է տալիս երկու բան` առաջինը, որ Լուկաշենկոն խելամիտ մարդ է, և երկրորդ, որ այդ խոսակցությունն իսկապես եղել է»,- ասաց նա:

Նշենք, որ Լուկաշենկոյի հայտարարությունը մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում` ադրբեջանական, շրջանառվում էր «Ղարաբաղում կյանք չկա» վերնագրով: Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ բոլորն ուշադրություն են դարձնում Լուկաշենկոյի այդ խոսքի վրա: Նա ասել է, որ «Ղարաբաղում նորմալ կյանք չկա», մինչդեռ բոլորը ցիտում են այդ նախադասության միայն մի մասը:

«Բառացի թարգմանությամբ նա ասել է. «Դուք պատկերացնում եք ինչպե՞ս է այնտեղ ժողովուրդն ապրում, ինչպես են աշխատում, այնտեղ նորմալ կյանք չկա»: Այ սա էր Լուկաշենկոյի ամբողջ ասածը: Ես հասկացա, որ նա նկատի ունի, որ խնդիրը պետք է լուծվի: Խոսքն այտեղ միանշանակ չի գնում այն մասին, որ ժողովուրդը վատ է ապրում, աշխատանք չկա, տնտեսություն չկա, ծննդաբերություն և հարսանիք չկա: Խոսքը, իմ խորին համոզմամբ, գնում է մի մարդու կարծիքի մասին, ով գտնվում է ադրբեջանական քարոզամեքենայի տակ: «Կյանք չկա», նշանակում է, որ ամեն օր այնտեղ կրակոցներ են, սպանություններ, հարձակումներ և լարված, վախի մեջ կյանք: Խոսքը դրա մասին է: Այսինքն, Ադրբեջանն ամեն աստծո օր հայտարարություններ է անում, Ղարաբաղում այստեղ վառվեց, այստեղ քանդվեց, լսում ես, կարծում ես, որ Ղարաբաղն ինչ-որ կղզիացած աղետի գոտի է: Դա Ադրբեջանի քարոզչության լուրջ ուղղություններից է: Այսինքն, բաժանվել են և վատ են ապրում, եթե մեզ հետ լիներ, լավ կապրեր, փող կունենար, ազատ ճանապարհներ և այլն: «Ղարաբաղում նորմալ կյանք չկա»-ն նշանակում է այնտեղ խաղաղ կյանք չկա»,- ասաց քաղաքագետը: Նա ընդգծեց, որ այդ հայտարարության մեջ այլ միտում չի նկատում: Քաղաքագետը նկատեց, որ Լուկաշենկոյի բառերը ճիշտ կլիներ ընդունել որպես մեղադրանք Ադրբեջանին, որ թույլ չի տալիս ԼՂ-ին խաղաղ կյանքով ապրել: Լևոն Մելիք-Շահնազարյանը նշեց նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այլ կերպ են մեկնաբանում դա և խեղաթյուրում են Բելառուսի նախագահի խոսքերը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---