99 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ. Բացառիկ քվեարկություն` ԱԺ-ում

99 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ. Բացառիկ քվեարկություն` ԱԺ-ում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն այսօր բացառիկ քվեարկություն կատարեց: ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները միասնաբար ընդունեցին «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի համահեղինակներն էին գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանը և Սեդրակ Սեյրանյանն ու ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

99 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց օրենքի նախագիծը, քվեարկությանը հաջորդեց պատգամավոների ծափողջյունները։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «ԱԺ-ն սրանով ցույց տվեց, թե ինչքան է հարգում երկրապահների վաստակը երկրի կայացման համար»։

Հիմնական զեկուցող Սամվել ֆարմանյանը տեղեկացրեց, որ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրինագծի ընդունմամբ ազգային-ազատագրական, նաև կամավորականության դարավոր պատմության մեջ առաջին անգամ պետությունը ճանաչում է կամավորականությունը՝ որպես երևույթ, սահմանում այդ հասկացությունը և հատուկ կարգավիճակ տալիս կամավորականներին: Ըստ զեկուցողի՝ պետության կողմից սա նախ և առաջ բարոյական պարտավորություն է այն հերոսների հանդեպ, ում ջանքերի շնորհիվ այսօր անկախ է Արցախը, և ամուր են հայրենիքի սահմանները: Հիմնական զեկուցողը նշեց, որ երկրապահ կամավորականի հատուկ կարգավիճակի ներդրումը նաև հայրենասիրության ու օրինակելիության կոչ է բոլորին: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է օրենքով սահմանել երկրապահ հասկացությունը՝ որպես հայրենիքի պաշտպանության գործին կամավոր մասնակցած, անդամագրված անձանց խիզախության, հայրենասիրության, անձնազոհության վրա հիմնված և պատմականորեն ձևավորված արժեհամակարգ:

Սամվել Ֆարմանյանին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարցրեց, թե որն է այս օրենքի անհրաժեշտությունը, ի՞նչ խնդիր է լուծվում այս օրենքով: Վարդանյանը նկատեց, որ այս դեպքում ազատամարտիկները երկու զուգահեռ ցուցակներ են ունենալու` մեկը ԵԿՄ կամավորականի կարգավիճակով, մյուսը ազատամարտիկների։ «Այդ ցուցակում կընդգրկվեն նրանք, ովքեր, օրինակ՝ Զանգվի ձորում կոմուֆլյաժով և զենքով նկարվել են ու պնդում են, որ իրենք նույնպես մասնակցել են։ Որտե՞ղ է երաշխիքը, որ ունենալու ենք ռեալ հաշվառում»,-հարցրեց նա։ Պատգամավորը շեշտեց, որ օրենքում սխալ են գրել, որ պետք է կարգավիճակ տրվի սկսած՝ 1987 թվականի կամավորներին:

Մինչ Ֆարմանյանը կպատասխաներ, տեղից արձագանքեց Մանվել Գրիգորյանը և ասաց, որ այդ տարիներին մարտեր չեն եղել, բայց ջոկատներ են կազմվել:

Սամվել Ֆարմանյանը պատասխանեց, որ իսկապաես անհրաժեշտ է այս օրենքը, որպեսզի նախ և առաջ հանձնաժողովն աշխատի թափանցիկության պայմաններում, ապա այն պատճառով, որ այնպես չստացվի, որ օրենքի հիմքերին չհամապատասխանող անձը ստանա կարգավիճակ և բացի այդ հստակ տեղեկատվություն լինի այն մասին, թե քանի երկրապահ կամավորականներ ունենք: Նա ասաց, որ ցավոք սրտի, այս օրենքը ոչ մի սոցիալական արտոնթյուն չի տալիս ազատամարտիկներին:

Գլխադասային՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա նշեց, որ հանձնաժողովը բարձր է գնահատել ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը՝ հաշվի առնելով այն հիմնական նպատակադրումը, որն է՝ սահմանել երկրապահ կամավորականի կարգավիճակը և առհասարակ երկրապահ հասկացությունը, որն առաջին անգամ է ներդրվում ՀՀ օրենսդրության մեջ: Ըստ Կորյուն Նահապետյանի՝ հրադադարի հաստատումից 20 տարի անց ՀՀ-ը օրենքով փորձում է ճանաչել երկրապահը՝ որպես բարոյական արժեհամակարգ: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ առաջին անգամ օրենքով կսահմանվեն երկրապահ կամավորականի կարգավիճակ ձեռք բերելու օրենսդրական հիմքերը, ինչպես նաև կսահմանվի այդ կարգավիճակը շնորհելու ընթացակարգը:

Օրինագծի վերաբերյալ իրենց կարծիքները հնչեցրին ԱԺ «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցությունները:

«Ժառանգություն« խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենք, անշուշտ, կողմ են քվեարկելու ներկայացված նախագծին, սակայն կարծում են, որ այն լրամշակման և բարեփոխման կարիք ունի:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ողջունելով նախագիծը, նշեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու, սակայն կարծում են, որ նախագծում պետք է ամրագրել այնպիսի դրույթներ, որոնցով հնարավոր կլինի լուծելու կամավորականների սոցիալական խնդիրները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Գևորգյանը հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին:

Խորհրդարանում առաջին անգամ ելույթ ունեցավ նաև Մանվել Գրիգորյանը և հայտարարեց, որ օրինագիծը վերաբերում է կամավորականությանը, ովքեր 89-94 թվականներին մասնակցել են մարտերին, իսկ մյուսները ընդգրկված են զինվորականության համակարգում: «Էս երկրում չկա մի տեղ, որ ես որևէ մեկին երաշխավորեի որպես ջոկատի կամ զորամասի հրամանատար ու ինքը այդ լիազորություններից չօգտվեր: Ես շատ եմ վիրավորված եղել, որ մի քանի անգամ ինձ դիմել են: Սփյուռքահայ շատ տղերք կան, որ եկել մեր հետ կռվել են, բայց մեր երկիրը չի իմանում, որ դրանք իրավունքներ են ունեցել: Դրանցը ոչ փողն ա պետք: Շատ լավ ա, որ ինչքան կարենանք անենք ազատամարտիկների համար, քիչ ա:

Ես մի բան գիտեմ` սա Հայաստանաի հանրապետությանն ա, երկրի պաշտպանությունը ոչ մեկի սեփականությունը չի, դա Հայաստանի Հանրապետությունն ա: Ես ուզում եմ, որ ինչը էս երկրինն ա, ժողովրդինը, վերադարձնենք իրան, երկրապահն էս պետությանն ա, իմ հոր սեփականությունը չի»,- ասաց նա:

Մանվել Գրիգորյանը նաև նշեց, որ անձամբ տեսել է, թե ինչպես են Հայաստանից գնում, կամ կարկուտն ինչպես է վնասում: «Ինչ կա այս երկրում` շարժվող և անշարժ, դա Հայաստանի Հանրապետությանն ա: Խնդիրը այն չի, թե ով է նախագահ, ով վարչապետ: Փոխվելու են մի ամիս հետո»,- եզրափակեց նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---