Եղնուկյան. Սեդրակյանը 100 հազար դոլար է ստացել ԱԱԾ նախկին աշխատակցից, պետք է դրամի հետքը գտնենք

Եղնուկյան. Սեդրակյանը 100 հազար դոլար է ստացել ԱԱԾ նախկին աշխատակցից, պետք է դրամի հետքը գտնենք

PanARMENIAN.Net - ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նրա դեմ մահափորձի գործով դատավարութան ընթացքն այս պահին բավարար է համարում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործն այնպես է ընթանում, որ անգամ կասկածի տակ է դրվում նրա վրա կրակելու հանգամանքը:

Լևոն Բաղդասարյանը նկատեց, որ զավեշտը հասել է այնտեղ, որ հայտարարություններ են արվում, թե դատաբժիշկը Հայրիկյանի վրա հրազենային վնասվածք չի հայտնաբերել: Փաստաբանը շեշտեց, որ գնդակը ոչ միայն հրազենային վնասվածք է պատճառել, այլև խրվել և մնացել է մարմնի մեջ, ապա հեռացվել հիվանդանոցում: «Եթե Հայրիկյանը զոհվեր, կդասվեր հերթական հերոսների շարքին, կհյուսվեին պատումներ, փողոցներ կկոչեին նրա անունով: Իսկ հիմա նման կասկածները վերածվում են զավեշտի»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ մահափորձի գործով հարուցված քրեական գործում կա ապացույց, որ Վարդան Սեդրակյանին Ռուսաստանից 100 հազար դոլար գումար են ուղարկել և հույս հայտնեց, որ կպարզվի այդ գումարի աղբյուրը, ուղարկելու պատճառները:

Պարույր Հայրիկյան ընկեր Կարո Եղնուկյանն էլ կարծում է, որ Վարդան Սեդրակյանը Հայրիկյանին սպանելու անհրաժեշտություն չուներ և կարող էր ընդամենը վարձու օղակ լինել: «Փաստեր կան, որ Սեդրակյանը 3 տարվա ընթացքում 3 մլն տանուլ է տվել: Բացի այդ, անցյալ տարվա նոյեմբերին 100 հազար դոլար է ստացել ԱԱԾ նախկին աշխատակցից: Երբ քաղաքական պատճառ չկա, ուրեմն վարձկան է և պետք է դիտարկենք, թե դրամի հետքը որտեղից է»,- ասաց Կարո Եղնուկյանը: Նա մյուս օղակների անուններ չտվեց, բայց նշեց, որ Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը միակն էին, ովքեր նախագահական ընտրությունների ժամանակ պայքարում էին, որ ժողովրդի մեջ վախը վերանա. «Վախը ժողովրդի մեջ մտցնելու համար որոշել են քարոզչին պատժել»:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել: ԱԱԾ քննչական վարչությունում գործ էր հարուցվել: Փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Մարտի 5-ին Հայրկյանի գործով կալանավորվել էր նաև նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Նա մեղադրվում է մահափորձը պատվիրելու մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---