Հայաստանը հետաքրքրված է Իրաքի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու հարցում

Հայաստանը հետաքրքրված է Իրաքի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու հարցում

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Իրաքի Հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին: Փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ` նկատելով, որ նա առաքելությունն ստանձնում է մի փուլում, երբ երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է նկատվում:

Ա. Գևորգյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Իրաքի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու հարցում: Մասնավորապես, վերջին երկու տարիներին հայ-իրաքյան հարաբերություններն սկսել են բավականին ինտենսիվ զարգանալ. ձևավորվել է միջկառավարական հանձնաժողովը, որի առաջին նիստը կայացել է 2012թ-ին, Բաղդադում: Հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս աշնանը, Երևանում: «Հանձնաժողովն իր գործունեությամբ ավելի համակարգված բնույթ կհաղորդի երկկողմ հարաբերություններին և կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը»,-նշեց Ա. Գևորգյանը: Նա նկատեց, որ գործարար շրջանակում արդեն կոնկրետ ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ հետաքրքրություն է նկատվում և հույս հայտնեց, որ երկուստեք ամեն ինչ կարվի, որպեսզի այդ հետաքրքրությունը վերածվի համագործակցության կոնկրետ ծրագրերի:

Դեսպանն իր հերթին նշեց, որ Իրաքի իշխանությունները շահագրգռված են բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, և չկա որևէ խոչընդոտ` երկու երկրների միջև լավագույն հարաբերություններ հաստատելու համար: Իր նշանակումը և դեսպանատան վերաբացումը նա համարեց դրա վկայությունը: Ըստ նրա` երկկողմ համագործակցության զարգացման համար լավ հող է նախապատրաստված:

Զրուցակիցներն անդրադարձան նաև երկու ժողովուրդների պատմական կապերին, ինչպես նաև կարևորեցին հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---