Կայացավ «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագծի շնորհանդեսը

Կայացավ «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագծի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - «Արս Լունգա» դուետի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում թողարկվել է խտասկավառակների նոր հավաքածու: Իրականացվել է հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ եզակի ծրագիր, որը կրում է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» խորագիրը: Նախաձեռնության իրականացման գաղափարը «Արս լունգա» դուետինն է (Արամ Թալալյան և Ջուլիետա Վարդանյան): Այն կյանքի է կոչվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նախագծի շնորհանդեսն իրականացվել է Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի բացման միջոցառման շրջանակում:

Ծրագիրը ներառում է 20-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը ներկայացնող հայ ակադեմիական երաժշտական մտքի լայն սպեկտր,այդ թվում` երիտասարդ սերնդի ներկայացուցիչների ստեղծագործություններ: «Արս լունգա» դուետը հավաքել է 20-21-րդ դդ. հայ 60 կոմպոզիտորների թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունները, դրանք կատարվել և ձայանգրվել են` ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփն (12 ձայնասկավառակ) ամփոփում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:

Ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Դրանք տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին և ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է մի քանի մասից: «Արս լունգա» դուետը նախատեսում է շարունակել ձայնագրությունների շարքը` այն համալրելով հայ կոմպոզիտորների կամերային այլ ստեղծագործություններով. դաշնամուրային եռյակ, քառյակ, հնգյակ և այլն:

Շնորհանդեսի վերջում, «Արս լունգա» դուետը հանդես եկավ Արամ Խաչատրյանի ստեղծագործության պրեմիերայով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---