Նոր կեղծարարություն` Վրաստանում հայկական հուշարձանների շուրջ

Նոր կեղծարարություն` Վրաստանում հայկական հուշարձանների շուրջ

PanARMENIAN.Net - Հերթական անգամ Վրաստանում ոտնձգություն է կատարվում հայկական հուշարձանների նկատմամբ: Ահազանգում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: «Վրաստանում լույս է տեսել «Վրաստանի մոնոֆիզիտ հուշարձանները» գիրքը, որի բովանդակությունն ամբողջությամբ կեղծարարություն է: Եվ առաջին հերթին այն առումով, որ գրքում անդրադարձ կա ոչ թե Վրաստանի բոլոր մոնոֆիզիտ հուշարձաններին, այլ ընդամենը 4 շրջանների`Բոլնիսի, Դմանիսի, Թեթրի-Ծղարոյի, Մարնուելի տարածքում պահպանված հուշարձաններին, որ նույնն են, ինչ պատմական Հայաստանի Գուգարք նահանգի 4 գավառների հուշարձանները: Գրքում նաև Լոռիի սահմանամերձ հուշարձաններն են նշվում: Իսկ սա արդեն էթիկայի տարրական կանոնների խախտում է», - ասաց հուշարձանագետը:

Նա նշեց, որ գրքում նշված որոշ տարածքներ հենց վրացական աղբյուրները դարեր շարունակ ներկայացրել են որպես Սոմխիթ` նշանակում է Հայաստան, իսկ հիմա դրանք ներկայացվում են որպես Ներքին Քարթլի, որ նշանակում է Վրաստան: Ստացվում է` արհամարհել են իրենց իսկ աղբյուրները` շրջանառելով պատմական ոչ մի հենք չունեցող տեղեկություն:

Կարապետյանի խոսքով, տարօրինակ է հատկապես այն, որ նման գրքի խմբագիրները` Զազա Ալեխիձեն և Դմիտրի Թումանիշվիլին հեղինակավոր հայագետներ են և բացառվում է, որ տեղյակ չլինեն փաստերի կեղծ լինելու մասին:

Հուշարձանագետը ընդգծեց մեկ այլ փաստ ևս. վրացի գիտնականները նորացնում են հայկական եկեղեցիները` տարիներ շարունակ բոլոր գիտնականների, այդ թվում այլազգի, 7-րդ դարին թվագրված կառույցները վրացիները թվագրում են 15-17-րդ դարին: «Եվ այս ամենի դեմ պետական մշակված քաղաքականություն է պետք վարել, որը չենք անում, մինչդեռ վրացիները` հակառակը: Մեր արտգործնախարարներից մեկը գնում էր Վրաստան, նրան մեր հրատարակություններից մեկը, որ վրացական կեղծարարությունն էր բացահայտում, տվեցինք և խնդրեցինք, որ վրացի գործընկերոջը և այլ շրջանակների փոխանցի: Պարզվեց` նրանք վաղուց ունեն այդ գրականությունը: Իսկ մեզ մոտ ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ է կատարվում», - ասաց Կարապետյանն ու ավելացրեց, որ վրացական այս վերջին կեղծարարության դեմ գրախոսություն-քննադատություն ենք հրապարակել մեր հիմնադրամի կողմից հրատարակվող «Վարձք» հանդեսի 8-րդ համարում: Սա զենք է` կարևոր և ուժեղ, բայց գրեթե վստահ ենք, որ չի օգտագործվի

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---