Գյուղնախարար. Պետք է սկսենք իրենց հետևից ամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծեր

Գյուղնախարար. Պետք է սկսենք իրենց հետևից ամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծեր

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել ոլորտի կառաուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին: Օրակարգում երկու կարևոր փաստաթղթեր էին` հունիսի 5-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում պետական շինարարության ողջ ընթացքը ոլորտ առ ոլորտ խթանելու, վերջիններիս համար սահուն գործող միասնական համակարգ ստեղծելու, ինչպես նաև հունիսի 29-ին բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ կայացած քննարկումների ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիր իշխանության ղեկավարներին տրված հանձնարարականները, հայտնում է գյուղնախարարության մամլո ծառայությունը:

Անդրադառնալով նախագահի հանձնարարականների տրամաբանությանն ու պահանջներին, նախարարը մասնակիցներին հիշեցրեց, որ երկու դեպքում էլ գործ ունենք տնտեսության արդիականացման և դիվերսիֆիկացման նոր իրողությունների հետ , որոնք սկզբունքային անհրաժեշտություն են տարածաշրջանային սպասվող վերդասավորումներից առաջ:

«Այս շրջանակներում իրատես և ծրագրային են հատկապես Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանի հետևյալ հանձնարարականները,- նշեց նախարարը`

Մենք նոր տնտեսություն ենք կառուցում: Աստիճանաբար կարկուտների հետևանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգում սուբսիդավորելու փոխարեն, հենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել, սկսել իրենց հետևից ամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծեր` արագ և էժան ջերմոցներ հավաքելու համար»:

Նախարարը նշեց, որ անհապաղ և անմիջականորեն, պետք է անդրադառնալ նշված խնդիրների իրականացման համար պահանջվող դաշտի ձևավորմանը, հանձնարարելով ոլորտի պատասխանատուներին հնարավորինս արագ ուսումնասիրել և քննարկման ներկայացնել մասնագիտական առաջարկներ:

Շատ ավելի կոնկրետ ու հասցեական էին երկրորդ փաստաթղթի քննարկման ժամանակ նախարարի տված հանձնարարականները: Վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ մտքերի փոխանակման ժամանակ ոլորտի պատասխանատուներին ի ցույց տրվեցին այն բոլոր վտանգները, որոնց հնարավոր անտեսումը կարող է հանգեցնել օրենքից շեղումների:

«Իսկ օրինականության պահպանողները մենք ինքներս պետք է լինենք: Եվ բոլոր նրանք, ովքեր նպաստել են կամ կնպաստեն օրենքի պահանջների խախտմանը, անձնական պատասխանատվության պետք է ենթարկվեն` ի ցույց մյուսների»,-նշեց նախարարը:

Շահագրգիռ քննարկումների արդյունքում խորհրդակցության մասնակիցները հավաստիացրեցին, որ առաջիկայում իրենց կոլեկտիվներում նույնպես կանցկացվեն նման քննարկումներ, անձնական պատասխանատվության և նորովի աշխատելու մասին պահանջները հասցնելով բոլոր աշխատողներին:

Խորհրդակցությունն ընդունեց առաջիկայում աշխատանքներում շոշափելի վերափոխումների հասնելու նախարարի հանձնարարականը, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---