Հայոց ցեղասպանություն. Լեհաստանի կառավարության եւ տեղական իշխանությունների տեսակետները չեն համընկնում

PanARMENIAN.Net - Լեհաստանի տեղական իշխանությունները համերաշխ չեն երկրի կառավարության հետ Հայոց ցեղասպանության հարցում: Այդ մասին նախօրեին Լեհաստանում հայերի հաստատման 700-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Լեհաստանի հայերի հոգեւոր հովիվ Թադեուշ Իսահակյան-Զալեսկին, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Լեհաստանից: Նրա խոսքերով, յոթ դար է, ինչ հայերն ապրում են Լեհաստանում, մերձեցել են նրա մշակույթին, մասնակցել են այնպիսի քաղաքների կառուցապատմանը, ինչպիսիք են Լվովը, Ստանիսլավովը, Լյուբլինը, եւ ի վերջո արժանին ստացան իրենց հավատարմության համար` 2005 թվականի ապրիլի 19-ին Լեհաստանի Սեյմը առանց քվեարկության ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: «Սակայն, ըստ երեւույթին այդ փաստն այդքան էլ չկարեւորվեց մասնավորապես Վրոցլավի իշխանությունների կողմից, որոնք Լեհաստանում թուրքական դեսպանատան մեկ հեռախոսազանգով փակեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը»,-հայտարարել է Իսահակյան-Զալեսկին եւ ընդգծել.-«Ստացվում է, որ օտարերկրյա դեսպանատներն ավելի մեծ հեղինակություն են վայելում, քան սեփական կառավարությունը»: Ըստ Թադեուշ Իսահակյան-Զալեսկու, այն երկիրը, որը «բարձրաձայն բախում է Եվրոպայի դուռը», պետք է ճանաչի ցեղասպանության պատմական փաստը: Նշենք, որ պաշտոնական մասից հետո, որի ժամանակ խոսվեց հայոց պատմության, ինչպես նաեւ Լեհաստանում հայերի հաստատման պատմության մասին, տեղի ունեցավ Վարշավայից «Մուսա լեռ» երաժշտական համույթի ելույթը, որը հանդիսատեսին ներկայացրեց աշխույժ հայկական մեղեդիներ, որոնք երբեմն ընդհատվում էին դուդուկի դյութիչ հնչյուններով: Հանդիսատեսների թվում քիչ չէին լեհերը, որոնք իրենց համար բացահայտեցին հայ արվեստը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---