Ադրբեջանում հայն ու ճշմարտությունը ստի մեջ թաղված ժառանգական ռեժիմի համար դարձել են հոմանիշ

Ադրբեջանում հայն ու ճշմարտությունը ստի մեջ թաղված ժառանգական ռեժիմի համար դարձել են հոմանիշ

PanARMENIAN.Net - Անհիմն երազանքները որպես իրականություն ներկայացնելու նյարդային հայտարարություններով Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անհաջող փորձն է կատարում թաքցնելու սեփական վախն ու խուճապը երկրում օրեցօր աճող դժգոհության արդյունքում ժառանգական իշխանությունը կորցնելու` գնալով անխուսափելի դարձող, հեռանկարից: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսպես է մեկնաբանել Բաքվում կազմակերպված ռազմական շքերթից հետո Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները, թե իբր Հայաստանում վախեցած են ադրբեջանական ռազմական շքերթից և ռազմական ծախսերից:

Նրա խոսքով ռազմական ծախսերի ուռճացված թվերի անդադար հրապարակումները և նախագահական ընտրությունների նախաշեմին կազմակերպված ռազմական շքերթի անվերջ գովաբանումը առաջին հերթին կոչված են շեղելու ներքին լսարանի ուշադրությունը Ադրբեջանի իշխող ընտանիքի մոտ պետության և ժողովրդի անխնա թալանի գնով կուտակված հսկայական ունեցվածքից:

Անդրադառնալով Բաքվի հայտարարություններին, թե Ղարաբաղը և Հայաստանը գտնվում են ադրբեջանական հողերի վրա, իսկ հայերը մեր տարածաշրջանում եկվոր են, Շավարշ Քոչարյանը նշել այն հանգամանքը, որ դեռևս չի լրացել հարյուր տարին, ինչ Ադրբեջան պետությունը առաջին անգամ հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացնել Ադրբեջանի ծիծաղաշարժ նկրտումները` հերքելու բազմաթիվ աշխարհահռչակ հեղինակների վկայությունները, սկսած Ստրաբոնոսից և Պլուտարքոսից: Մյուս կողմից, Թուրքիայի պաշտոնական պատմագրությունը ընդունում է, որ թուրքերը եկել են մեր տարածաշրջան Կենտրոնական Ասիայից: Ադրբեջանի իշխանությունները, բնորոշելով Թուրքիայի հետ հարաբերությունները «մեկ ժողովուրդ, երկու պետություն» կարգախոսով, փաստացի ընդունում են, որ 1930-ական թվականներից ադրբեջանցի անվանում ստացած ժողովուրդը մեր տարածաշրջանում եկվոր է: Դրանում ոչ մի վիրավորական բան չկա, դրա համար պետք չէ ամաչել: Ամաչել է պետք սեփական ժողովուրդը իր իսկ արմատներից կտրելու և պատմությունը կեղծելու փորձերի համար:

«Նմանատիպ զավեշտի մակարդակի հայտարարություններով պաշտոնական Բաքուն միայն ապացուցում է, որ Ադրբեջանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղականությունը ամբողջությամբ կառուցված է ստի և կեղծիքի վրա: Նույնիսկ իրենց իսկ կողմից իրականացված Խոջալուի բնակչության սպանդը Ադրբեջանի քարոզչամեքենան ջանում է վերագրել հայերին: Բաքվին թվում է, որ Խոջալուի ողբերգության նենգափոխված քարոզչությամբ Ադրբեջանի ղեկավարությանը կհաջողվի նաև խուսափել պատասխանատվությունից հայերի դեմ գազանաբար իրականացված զանգվածային ջարդերի համար Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում:

Ադրբեջանի նախագահը հայտարարում է որ իրենց թիվ մեկ թշնամին համայն հայությունն է: Իրականում Ադրբեջանի ղեկավարության հիմնական թշնամին ճշմարտությունն է: Հայն ու ճշմարտությունը ստի մեջ թաղված ժառանգական ռեժիմի համար դարձել են հոմանիշ: Ահա թե ինչու Ադրբեջանում ծաղկող կոռուպցիայի և մարդու տարրական իրավունքների համատարած ոտնահարումների հետ կապված միջազգային կազմակերպությունների կամ անհատների ցանկացած քննադատություն Բաքուն ներկայացնում է որպես հայության կամ հայամետ ուժերի գործունեության արդյունք», - նշել է Շավարշ Քոչարյանը, տեղեկացնում է ԱԳ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---