Վարդան Օսկանյանը եւ Մեթյու Բրայզան քննարկել են ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Մեթյու Բրայզայի հանդիպման ժամանակ կողմերի միջեւ ծավալվեց հանգամանալից զրույց դինամիկ զարգացող եւ հագեցած հայ-ամերիկյան օրակարգի, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Նախարարը բարձր գնահատեց ամերիկյան կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանին` ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ տնտեսական բարեփոխումների ուղղությամբ: Այդ առումով քննարկվեց Հայաստանին մեծածավալ դրամաշնորհ տրամադրելու վերաբերյալ ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի որոշման հետ կապված որոշ մանրամասներ: Այնուհետեւ կողմերն անդրադարձան տարածաշրջանի էներգետիկ հարցերին` Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ էներգետիկ հնարավորությունների փոխկապակցման շրջանակներում: Նախարարը հակիրճ ներկայացրեց նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ գերակա ուղղությունները` շեշտադրում անելով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակում Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կիրառման ընթացքի, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ Նոր հարեւանության քաղաքականության շրջանակում ընթացող բանակցությունների վրա, որոնց երկրորդ փուլը հաջողությամբ ավարտվեց մարտի 6-ին: Կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների վերջին փուլից հետո ստեղծված վիճակը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---