ՄԱԿ. Երիտասարդների 78.5 տոկոսը հնարավորության դեպքում կմեկներ Հայաստանից

ՄԱԿ. Երիտասարդների 78.5 տոկոսը հնարավորության դեպքում կմեկներ Հայաստանից

PanARMENIAN.Net - Երիտասարդության համաշխարհային օրն այս տարի ողջ աշխարհում անցնում է «Երիտասարդների միգրացիա. առաջ մղելով զարգացումը» կարգախոսի ներքո: Այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի համատեղ ասուլիսը: ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը անդրադարձան Հայաստանում և, ընդհանրապես, աշխարհում երիտասարդների միգրացիային, ինչպես նաև փախստական երիտասարդներին առնչվող խնդիրներին: Ներկաներին ողջույնի խոսք հղեց նաև ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչության իրավաբանական բաժնի ղեկավար տկն. Քեյթ Փուլերը:Միջազգային միգրացիան զարգացման տեսանկյունից առանձնակի կարևորության խնդիր է դարձել ժամանակակից աշխարհում: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում աշխարհի շատ հատվածներում քաղաքական, տնտեսական, սոցիալական և ժողովրդագրական փոփոխությունները խթան հանդիսացան հիմնականում դեպի քաղաքներ արտագաղթի համար՝ ինչպես երկրների ներսում, այնպես էլ երկրից երկիր: Ընդ որում, զարգացող երկրներից դեպի զարգացած երկրներ ավանդական արտագաղթին զուգահեռ հստակորեն ուրվագծվում է մեկ զարգացող երկրից մյուս զարգացող երկիր արտագաղթի միտումը: Մասնավորապես, վերջին տարիներին Հայաստան են եկել մեծ թվով իրաքահայ և սիրիահայ փախստական երիտասարդներ:

«Պարզ է, որ միգրացիան վտանգներ է պարունակում թե մեր երկրի, թե հատկապես երիտասարդ միգրանտների համար՝ Հայաստանից տանելով ուժերով լի, վերարտադրողական լավագույն տարիքում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց երբեմն կանգնեցնելով խտրականության և շահագործման ռիսկի առջև: Սակայն պետք է կարողանալ տեսնել և ճիշտ օգտագործել նաև այդ երևույթի բերած հնարավորությունները», - նշեց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Ըստ ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական հարցերի վարչության ազգաբնակչության բաժնի տվյալների` աշխարհում կա 15-ից 24 տարեկան մոտ 27 միլիոն միգրանտ, ինչը կազմում է աշխարհի 214 միլիոն միգրանտների մոտ մեկ ութերորդը: Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն` հարցված երիտասարդների 78.5 տոկոսը հնարավորության դեպքում տարբեր նպատակներով կմեկներ Հայաստանից, իսկ 36.8 տոկոսը՝ կմեկներ ընդմիշտ:

Այդուհանդերձ, Հայաստանում սկսում է ձևավորվել նաև ակտիվ, ոչ անտարբեր երիտասարդության մի շերտ, որը ներառում է թե տեղացի, թե սփյուռքահայ և փախստական երիտասարդների: Այդ մասին էլ ասուլիսին ցուցադրվեց ՄԱԲՀ երիտասարդ հավասարակիցների ցանցի կամավորների նկարահանած փոքրիկ ֆիլմը:

«Նույնիսկ մեկ փախստական երիտասարդը շատ է, և անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ հասարակությունում նրանց հնարավորինս ինտեգրելու համար: Այդտեղ շատ մեծ է մեր տեղացի երիտասարդների դերը, բայց նաև փախստական երիտասարդների ակտիվ գործունեությունն այս հարցում էլ ավելի մեծ արդյունքներ կբերի», - ասաց ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---