Գերի ընկած զինվորի հարազատները ԿԽՄԿ գրասենյակում են. Հակոբը թշնամու ձեռքում է, ես իմ Հակոբին եմ ուզում

Գերի ընկած զինվորի հարազատները ԿԽՄԿ գրասենյակում են. Հակոբը թշնամու ձեռքում է, ես իմ Հակոբին եմ ուզում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ծնողներն ու հարազատները հավաքվել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան գրասենյակի դիմաց և պահանջում են քայլեր ձեռնարկել, որ Բաքվի գրասենյակի աշխատակիցները նրան այցելեն հնարավորինս շուտ և հետևողականորեն ամեն ինչ արվի, որ զինծառայողը վերադառնա հայրենիք:

Զինծառայողի հայրը` Գևորգ Ինջիղուլյանը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով երեկ հրապարակված «հարցազրույցին», որը զինվորը տվել էր ադրբեջանական ANS հեռուստաալիքին, ասաց. «Դա ադրբեջանցիների կազմակերպած շոուն էր, իմ դաստիարակած տղան չէր կարող նման բաներ ասել: Նրան հաստատ ճնշումների են ենթարկել: Հակոբը լավ ծառայող զինվոր էր, ինքը հրամանատարությունից էր գոհ, հրամանատարությունն` իրենից: Ոչ մի կոնֆլիկտ չի եղել, նույնիսկ շնորհակալագրեր են ուղարկել տուն, արձակուրդ են տվել երկու անգամ»:

Հակոբի հայրը հավելեց, որ ԿԽՄԿ-ից պահանջում է հնարավորինս արագացնել ձեռնարկվելիք քայլերն ու այցելել Հակոբին, արագ հետ վերադարձնել նրան: «Հակոբը հիմա ուղղակի ուրիշ երկրի տարածքում չէ, նա հակառակորդի, թշնամու ձեռքում է»,- ընդգծեց նա:

«Ես միայն պահանջում եմ, որ ԿԽՄԿ աշխատակիցները որքան հնարավոր է շուտ այցելեն Հակոբիս: Որ երեխաս իմանա, որ իրենով հետաքրքրվողներ կան, որ ինքը մենակ չի: Ու խնդրում եմ, ինչքան հնարավոր է շուտ նրան հետ բերեն: Ես իմ Հակոբին եմ ուզում»,- ասաց Հակոբի մայրը` Գայանե Ինջիղուլյանը:

Ավելացնենք, որ այս պահին Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան գրասենյակում մոտ երեսուն մարդ է հավաքվել, զինվորի ծնողները կհանդիպեն ԿԽՄԿ աշխատակիցներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-իլույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---