Ղարաբաղյան հարցը գլոբալ անվտանգության խնդիր է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պարտադրվում են այնպիսի հասկացություններ, որոնք իրական ոչ մի հիմք չունեն` «Ադրբեջանի տարածքային ամբողաջականություն», «ԼՂԻՄ», «ազատագրված տարածքներ»: Այդ մասին Karabakh-online-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը: Նրա խոսքերով, հարցը միտումնավոր քաղաքականացվում է, թեեւ այն հարկ է դիտարկել իրավական հարթության վրա: Ի՞նչ է նշանակում «անվտանգության գոտի»: Ինձ հայտնի չէ նման հասկացություն համաշխարհային պրակտիկայում, երբ իրավամբ պատկանող տարածքները պահվում են, սակայն այնտեղ նույնիսկ ծառ չի տնկվում: Պետք է հանել բառապաշարից այդ հասկացությունը, ճանաչել ԼՂՀ ամբողջականությունն իր ներկայիս սահմաններում եւ չգնալ այն մարդկանց ուղիով, որոնք արհեստականորեն քաղաքականացնում են այդ հարցը»,-ընդգծել է նա:



Անդրադառնալով սահմանակից երկրների` առաջին հերթին Իրանի հետ հարաբերություններին` Վ.Բալասանյանը նկատել է,. որ ԼՂՀ-ն անկախ պետություն է, որը սահմանակից է Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: «Մինչխորհրդային ժամանակաշրջանում Իրանը եղել է Հայաստանի դարավոր հարեւանը: Ավելին, հայերը մեծ ներդրում են ունեցել պարսկական պետության կայացման գործում: Մենք ունեցել ենք ընդհանուր շահեր, որոնք որոշ դեպքերում համընկնում են մինչ այժմ: Պետք է կապեր հաստատել, ասենք, մշակույթի ոլորտում: ԼՂՀ տարածքում պահպանվել են պարսկական մշակույթի հուշարձաններ` մեջիթները Շուշիյում, Աղդամի մեջիթը, որոնք մենք կարող ենք համատեղ ուժերով վերականգնել եւ պահպանել: Կարծում եմ, անհրաժեշտ է օգտագործել Իրանի հետ սահմանը»,-ասել է Բալասանյանը:



Նա եւս մեկ անգամ հիշեցրել է, որ ղարաբաղյան խնդիրն ունի համահայկական եւ նույնիսկ գլոբալ նշանակություն: «Երրորդ ուժերի կողմից այժմ իրոք փորձեր են արվում անձնական հակասություններ սերմանել Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների միջեւ: Ես առանձնակի սրացում չեմ տեսնում, սակայն ցանկացած դեպքում ղարաբաղյան խնդիրը պետք է վեր լինի անձնական նկրտումներից: Ոչ ոք թույլ չի տա այն անձնականացնել»,-հայտարարել է Բալասանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---