ՊՆ․ Ճնշումներով կորզված հարցազրույցը գերեվարված զինվորին երրորդ երկիր տեղափոխելու հիմք չէ

ՊՆ․ Ճնշումներով կորզված հարցազրույցը գերեվարված զինվորին երրորդ երկիր տեղափոխելու հիմք չէ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը առանձին հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դեմթյու Դեսալեյնիի և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցեր: Դ.Տոնոյանը մասնավորապես մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են Հայկ Ինջիղուլյանի նկատմամբ կոպտորեն խախտել միջազգային իրավունքը, և որ առնվազն տարակուսանք է հարուցում այն փաստը, որ իրավասու մարդասիրական միջազգային կազմակերպությունները, մարդու իրավունքների հարցերով միջազգային ակտիվիստները և միջազգային հանրությունը մինչ օրս ոչ մի կերպ չեն արձագանքում ադրբեջանական ամենաթողությանը:

Հակոբ Ինջիղուլյանի հետ օրեր առաջ տեղի ունեցած «հարցազրույցը» չդատապարտվեց ոչ մի միջազգային կազմակերպության կողմից, որից օգտվելով ադրբեջանական իշխանությունները նոր «հարցազրույց» անցկացրեցին, որի նպատակն է կասեցնել ՀՀ քաղաքացու վերադարձը: Պարզ է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից բարոյահոգեբանական և չի բացառվում նաև, որ ֆիզիկական ճնշում է գործադրվում Հակոբի վրա, ստիպելով նրան հանդես գալ հակասական հայտարարություններով: Դա համատարած անտարբերության պատճառով սպասելի գործելաոճ է: Իսկ Հակոբ Ինջիղուլյանի կարծիքը կարող է հաշվի առնվել միայն այն դեպքում, եթե ապահովվեր ազատ, անկաշկանդ ու չուղղորդված արտահայտվելու նրա իրավունքը: Ճնշումների միջոցով կորզված հարցազրույցը չի կարող հիմք հանդիսանալ նրան երրորդ երկիր տեղափոխելու համար:

Դ.Տոնոյանը նաև նշել է, որ հայկական կողմը կրկին վերահաստատում է, որ Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով, և մտադրված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին դիմել` վերջինիս գրասենյակի ներգրավման դեպքում, Ինջիղուլյանին վերջնականապես հավաստիացնելու, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու:

Հարկ է նշել, որ նախկինում ադրբեջանական գերությունից վերադարձված ոչ մի ՀՀ քաղաքացի քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Հայկական կողմը գտնում է, որ Հ. Ինջիղուլյանի շուտափույթ վերադարձի հարցով հնարավորինս ակտիվ ներգրավվածությամբ պետք է զբաղվեն միջազգային մարդասիրական կազմակերպությունները, ինչպես նաև դեմ է նրան երրորդ երկիր տեղափոխելու ցանկացած փորձի՝ այն համարելով անհիմն և ոչ արդարացված:

ՀՀ ԶՈՒ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորվել է և սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցել:

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, թե ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը չի ցանկանում վերադառնալ Հայաստան։ Ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված արդեն երկրորդ «հարցազրույցում» Հակոբը երրորդ երկիր մեկնելու ցանկություն էր հայտնել։ Նկատենք, որ երեք օր առաջ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել էին զինծառայողին, բայց Հակոբի` Հայաստան չվերադառնալու ցանկության մասին որևէ բան Կարմիր Խաչի աշխատակիցներն անգամ չէին էլ ակնարկել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---