Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը չի ներքաշվի ռազմական հակամարտության մեջ

Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը չի ներքաշվի ռազմական հակամարտության մեջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի ներքաշվի որևէ ռազմական հակամարտության մեջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինը նաև ողջունել է Արևմուտքի մի շարք երկրների որոշումը Սիրիա ռազմական ներխուժումից հրաժարվելու մասին: Նա նշել է, որ նախկինում կարծում էր, թե արևմտյան տերությունները համաձայնեցված են որոշումներ կայացնում, ինչպես դա ժամանակին արվում էր «ԽՄԿԿ համագումարներում», սակայն այժմ համոզվել է, որ Արևմուտքում ևս կան «մարդիկ, որոնք գնահատում են իրենց ինքնիշխանությունը, վերլուծում են իրավիճակն ու համարձակություն են ունենում որոշումներ կայացնելու, սեփական երկրների շահերից ելնելով»:

Պուտինն ասել է, որ ռուսական բանակի ստորաբաժանումներն այժմ արտերկրում ներկայացված են միայն երկու ռազմակայաններով ԽՍՀՄ նախկին տարածքում և զորակազմերում, որոնք մասնակցում են ՄԱԿ մանդատով անցկացվող գործողություններին: «ՄԱԿ ԱԽ-ն միջազգային նորմերի համաձայն իրավունք ունի արտոնելու զենքի կիրառումը ինքնիշխան պետության դեմ: Ինքնիշխան պետության հանդեպ ուժի կիրառման ցանկացած այլ մեխանիզմ ճիշտ կլինի որակել որպես ագրեսիա»,-ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ եթե Ասադի մեղքի ապացույցները համոզիչ լինեն, Ռուսաստանը կարող է սատարել Օբամային, հայտնում է kremlin.ru-ն:

Անցած շաբաթ սկզբում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, իսկ ավելի ուշ նաև նախագահ Բարաք Օբաման հայտարարեցին, որ մտադիր են սահմանափակ հարվածներ հասցնել Սիրիային: Օբաման հայտարարեց, որ մտադիր է ստանալ Կոնգրեսի թույլտվությունը Բաշար Ասադի դեմ ռազմական գործողություն սկսելու համար: ԱՄՆ Կոնգրեսը այժմ արձակուրդում է: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտնել է, որ գործընկերների հետ քննարկելու է Օբամայի առաջարկը, երբ օրենսդիրները վերսկսեն աշխատանքը սեպտեմբերի 9-ին:

Ըստ Սահմանադրության, մեկ այլ պետության պատերազմ հայտարարելու իրավունքով օժտված է Կոնգրեսը, սակայն նախագահը կարող է օգտագործել զորքերն արտերկրում 60 օրվա ընթացքում՝ 1973թ. Ռազմական լիազորությունների մասին օրենքի հիման վրա: Բիլլ Քլինթոնն, օրինակ, օգտվեց այդ օրենքից 1999թ., երբ հրամայեց ռմբակոծել Հարավսլավիան:

Սակայն Օբաման իրեն իրավունք է վերապահում ռազմական գործողություն սկսել նույնիսկ փաստաթղթի վերաբերյալ բացասական քվեարկության պարագայում, հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Ընդ որում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ժամանակը գլխավորը չէ: «ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նախագահը զեկուցել է ինձ, որ մենք պատրաստ ենք հարված հասցնել ցանկացած պահի ըստ մեր հայեցողության,-ասել է նա:-Ավելին, նա մատնանշել է, որ այդ առաքելությունը կատարելու մեր կարողության համար ժամկետները առանձնակի նշանակություն չունեն: Դրանք նույնքան արդյունավետ կլինեն և վաղը, և հաջորդ շաբաթ, և մեկ ամիս անց»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Դաշինքը Ասադի ռեժիմի դեմ գործողությանը չի մասնակցի: ԱՄՆ-ից բացի, Դամասկոսի դեմ ուժային ակցիայի օգտին առավել եռանդով են հանդես գալիս Ֆրանսիան ու Թուրքիան, թեև ամենավճռական պահին նրանք կարող են փոշմանել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---