ԱԺ-ում կրկին դժգոհ էին. Նալբանդյանը չպատասխանեց կարևոր հարցերին

ԱԺ-ում կրկին դժգոհ էին. Նալբանդյանը չպատասխանեց կարևոր հարցերին

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր պատգամավորների կողմից պահանջված հանդիպումը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացավ, բայց, կարծես, նրանց համար ոչ այդքան արդյունավետ: Ըստ որոշ պատգամավորների, Նալբանդյանն այդպես էլ սպառիչ պատասխաններ չտվեց բարձրացված հարցերին: Չնայած դրան, Նալբանդյանը կարծում է, որ ինքը, այնուամենայնիվ, պատասխանել է բոլոր հնչած հարցերին, իսկ «եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատասխանը, ապա, պատասխան չկա»:

«Եթե որևէ մեկը չի ըմբռնում կամ չի ընդունում այդ պատասխանները, որովհետև այլ կարծիք ունի, դա արդեն իր անձնական գործն է»,- ասել է նախարարը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, օրինակ, դժգոհ է նախարարի հետ հանդիպումից: Ինչպես նա ավելի ուշ գրեց ֆեյսբուքյան իր էջում, Նալբանդյանը պատասխաններ չունի, «բառակույտեր, բառակույտեր, բառակույտեր, որոնք կապ չունեն առաջադրված հարցերի հետ»: Ինչպես Փաշինյանը նշել է Ազագյին ժողովում, հանդիպման արդյունքում նա ուզում էր հասկանալ, թե ինչ է իրագործում Հայաստանի գործող իշխանությունը, որից հետո հնարավոր կլիներ ճշտել սեփական դիրքորոշումը տեղի ունեցողի վերաբերյալ, գրում է «Հետք»-ը.

«Նալբանդյանը որևէ հարցի պատասխան, ըստ էության, չտվեց, ինչից կարելի է անել երկու եզրակացություն. կամ տեղի ունեցողի մասին տեղեկատվությունն այնքան անբարենպաստ է, որ իշխանությունը չի կարող այն ներկայացնել, կամ էլ որքան էլ ծիծաղելի է հնչում՝ իշխանությունը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում այս պրոցեսի մեջ»,- հիասթափված ասել է Փաշինյանը:

Ինքը Էդվարդ Նալբանդյանը հանդիպումից հետո լրագրողներին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ բազմիցս նշվել է Եվրամիության հետ հնարավորինս սերտ և խորը գործակցության զարգացման Հայաստանի ցանկության մասին:

«Ցանկանում ենք շարունակել առաջ տանել մեր հարաբերությունները այն բոլոր դրականի, ձեռքբերումների հիման վրա, որոնք արձանագրվել են վերջին տարիներին Հայաստանի և Եվրամիության միջև, որքանով որ դա հնարավոր կլինի Եվրամիության կողմից և որը չի հակասի Հայաստանի որոշմանը մասնակցել, անդամակցել Մաքսային միությանը»,- ընդգծել է նախարարը:

Պատգամավորներին տրված նախարար Նալբանդյանի պարզաբանումներից դժգոհել է նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նկատել է, որ կարևոր հարցերի պատասխանները, այնուամենայնիվ, չեն հնչել:

«Մենք, օրինակ, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում բավական շատ պարտավորություններ ենք ստանձնել։ Արդյո՞ք չի տուժելու Արցախը Մաքսային միությանն անդամակցելուց հետո և արդյո՞ք, որպես առանձին միավոր, ներգրավվելու է, թե՞ ոչ: Ակնհայտ է նաև, որ Ասոցացման համաձայնագրի առումով չի ստացվելու ամբողջական իմաստով ասոցացում»,- պատգամավորի խոսքերն է մեջբերում «Երկիր»-ը:

Ռուստամյանը նաև նկատել է, որ սեպտեմբերի 3-ից ի վեր Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ հստակություն է մտցրել:

«Լավ է դա, թե` վատ, այլ հարց է, բայց այն, որ այդ վեկտորը նշանակում է շարժում Մաքսային միությունից Եվրասիական միություն արդեն որպես քաղաքական միավոր` միանշանակ է, ու դա չգիտակցելը նոր սխալների կբերի: Ես էլ եմ հասկանում, որ այն բաղադրիչների առկայության դեպքում, որոնցով մենք կապված ենք Ռուսաստանի հետ, դրա այլընտրանքը չկա»,- ասել է պատգամավորը։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր հերթին նշել է, որ պատգամավորների բոլոր հարցերին տրվել են պատասխաններ.

«Հայտնի են դարձել մանրամասներ, որոնք նույնիսկ իր համար նորություն են եղել, այնպես որ ընդդիմադիր պատգամավորները ինֆորմացիայի պակասի խնդիր չպետք է ունենան»,- Շարմազանովի խոսքերն է փոխանցում «Սիվիլնեթ»-ը:

Ի դեպ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանըևս ուշադրությամբ հետևում է Հայաստանում ընթացող վերջին զարգացումներին: Ինչպես tert.am-ին ասել է ՀՀ երկրորդ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, Քոչարյանը, ըստ ամենայնի, առաջիկայում կհայտնի իր կարծիքն այս ամենի վերաբերյալ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ի պատասխան հարցի, թե Մաքսային միությանն անդամակցության հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունի Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է անդամակցել Մաքսային միությանը, ինչպես նաև հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը: Երեկ ԱԺ նիստին մի շարք պատգամավորներ իրենց դժգոհությունը հայտնեցին, որ ՀՀ գլխավոր օրենսդիր իշխանության կարծիքը հաշվի չեն առել նման կարևոր որոշում կայացնելուց առաջ: Նրանք պահանջել էին, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանին պարզաբանումներ տան Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման ու մի շարք այլ հարցերի շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---