Նախագահն ու վարչապետը ևս հաստատեցին՝ Հայաստանը վճռական է զարգացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Նախագահն ու վարչապետը ևս հաստատեցին՝ Հայաստանը վճռական է զարգացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից, դրան հաջորդող մամուլիս ասուլիսից, ինչպես նաև այդ շրջանակում կրթության նախարարների հետ հանդիպումից հետո ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդիպել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ու վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Նախագահի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ու հետագա գործակցության վերաբերյալ: Քննարկվել են մինչ այս երկկողմ ջանքերի արդյունքում արձանագրված ձեռքբերումների հիման վրա հարաբերությունները կառուցելու և հետագա գործակցությունը զարգացնելու հեռանկարները, ինչպես նաև Վիլնյուսում Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ընդառաջ օրակարգային ու նախապատրաստական աշխատանքները, հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի վճռականությունը՝ շարունակելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների առանցքային լայնածավալ բարեփոխումներն և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը: Հանձնակատար Ֆյուլեն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն հարգում է իր գործընկերների ազատ ընտրությունն և ակնկալում այս հանդիպման ընթացքում լսել այն մոտեցումներն ու գաղափարները, որոնք միտված են առկա ձեռքբերումների հիման վրա հարաբերությունների կառուցմանը:

Տիգրան Սարգսյան-Շտեֆան Ֆյուլե հանդիպմանը ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օժանադակությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերն ու, ինչպես և ՀՀ նախագահը, նշել, որ Հայաստանը շահագրգռված է Եվրոպական միության հետ փոխգործակցության զարգացմամբ, տարբեր բնագավառներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման շարունակականությամբ և խորացմամբ: Այդ համատեքստում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, անդրադարձ է եղել նաև գործակցության հեռանկարներին և ուղղություններին, տեղեկացնմում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ավելի ուշ նախագահ Սարգսյանն ընդունել է նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցների պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտին, Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Նատալյա Գերմանին, Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին, Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Պետրիաշվիլիին, Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին։ Հանդիպմանը մասնակիցներն ընդգծել են Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ երևանյան այս քննարկումների անհրաժշտությունը, խոսել Արևելյան գործընկերության շրջանակում միմյանց հետ գործակցությունը լավագույնս զարգացնելու հնարավորություններից: Զրուցակիցներն ընդգծել են՝ Արևելյան գործընկերության անդամ երկրներից յուրաքանչյուրն՝ ունենալով իր առանձնահատկությունները, միաժամանակ բազմաթիվ ընդհանրություններ ունի անդամ մյուս երկրների հետ, որոնց վրա հաջողությամբ կարող է զարգացնել հետագա փոխգործակցությունը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկություն ունի մնալ Արևելյան գործընկերության երկրների շարքում ու շարունակել ամրապնդել հարաբերությունները տարբեր ձևաչափերով:

Հանդիպումներին նախորդող Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ֆյուլեն նշել էր, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Նա նաև հավելել էր, որ իր այցի նպատակն է «լսել ու հասկանալ» հայ գործընկերների մտադրություններն ու նախընտրությունները, ու եթե «հայ գործընկերները ցանկացան տեսնել այդ նոր իրավական շրջանակը, որը մեզ ավելի առաջ կտանի, քան Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագիրը, ապա շատ ուրախ կլինենք աշխատելու դրա շրջանակում»: Մինչ այդ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ Հայաստանը ԵՄ հետ փոխգործակցությունն առաջ կտանի այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու Հայաստանի ցանկության մասին:

Եվրոպական կառույցներն ու փորձագիտական շրջանակները քննադատել էին Հայաստանի այդ որոշումը՝ հայտարարելով, թե Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում: Եվրամիության ղեկավարները դատապարտել էին այն ճնշումը, որը Մոսկվան, նրանց կարծիքով, գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել առևտրային կապերը ԵՄ հետ:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---