Փարիզում կքննարկեն իրավիճակը Կովկասում և ղարաբաղյան հակամարտությունը

Փարիզում կքննարկեն իրավիճակը Կովկասում և ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - Փարիզի աշխարհաքաղաքական ակադեմիան արդի աշխարհի կարևորագույն խնդիրների հետազոտման շրջանակում, Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի և Կովկասագետների գիտական ընկերակցության հետ համատեղ կազմակերպում է «Աշխարհաքաղաքականությունը Կովկասում» թեմայով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Կովկասագետների գիտական ընկերակցությունում, կոնֆերանսին կմասնակցեն ռուսաստանցի և ֆրանսիացի փորձագետներ, որոնք կներկայացնեն Կովկասում տիրող իրավիճակի վերլուծությունը, նրա տեղն ու դերը միջազգային հարաբերությունների համակարգում, ինչպես նաև ռուս-եվրոպական և ռուս-ֆրանսիական երկխոսության շրջանակներում:

Միջոցառման ընթացքում նախատեսվում է քննարկել սոցիալ-տնտեսական իրավիճակը տարածաշրջանում, կներկայացվի ազգային և կրոնական հարաբերությունների քարտեզը, ինչպես նաև կուրվագծվեն հիմնական համաշխարհային միտումները: Գիտաժողովին մասնակցում են Փարիզի աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ Ալի Ռաստբինը, գիտնականներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Կովկասը կներկայացնեն միայն Կաբարդինո-Բալկարիայի ներկայացուցիչները: «Համաշխարհային տնտեսությունն ու միջազգային հարաբերությունները» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ռյաբովը հանդես կգա «Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում՝ նպատակներն ու շահերը» զեկույցով: Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ժերար Ֆրանսուա Դյումոնը հանդես կգա «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» զեկույցով:

Գիտաժողովին կմասնակցեն նաև ԵԱՀԿ ՄԽ նախկին ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն, Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը, Փարիզի Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի ղեկավար Նատալյա Նարոչնիցկայան, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը: Գիտաժողովում ելույթներով հանդես կգան նաև ֆրանսիական բանակի պաշտոնաթող գեներալ, «Ժողովրդավարություն» քաղաքական ակումբի նախագահ Անրի Պարին «Իսլամիզմն ու կովկասցի իսլամիստները» զեկույցով, նավթագազային ոլորտի միջազգային փորձագետ, ՀԲ էներգետիկայի հարցերով նախկին խորհրդատու, իրավաբան Անդրե Պերտուզիոն «Կովկասը որպես նավթային էպիկենտրոն» զեկույցով, միջազգային հարաբերությունների փորձագետ, Իրանի Ազատ համալսարանի նախկին պրոֆեսոր Բերուզ Ռաիսին «Ադրբեջանի էներգետիկ ռազմավարությունն ու ղարաբաղյան ճգնաժամը» զեկույցով, փաստաբան, Փարիզի իրավունքի, էկոնոմիկայի և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր, փաստաբան Էլի Հաթեմը «Ռուս-թուրքական վեճերը կովկասյան տարածաշրջանի շուրջ» թեմայով: Ֆրանսիայի ռազմավարական վելուծության ինստիտուտի (IFAS) հետազոտությունների և Եվրոպայի հեռանկարների ու անվտանգության ինստիտուտի (IPSE) դոցենտ Պյեռ Բերտելոն հանդես կգա «Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների քաղաքական հետևանքները Կովկասի համար» զեկույցով:

Photo:Assemblée Nationale
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---