Թագուհուց մինչև նախագահներ. Բոլորը շնորհավորում են Հայաստանի անկախությունը

Թագուհուց մինչև նախագահներ. Բոլորը շնորհավորում են Հայաստանի անկախությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Քերին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ 22 տարի առաջ հայ ժողովուրդը կայացրեց պատմական որոշում, որն արմատապես փոխեց հետագա զարգացման ընթացքը.

«Վերջապես վերականգնվեց հայոց անկախ պետականությունը, որը դարեր շարունակ թվում էր անիրականանալի, վերականգնվեց սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, իր հողում իր երկիրը սեփական ձեռքերով կառուցելու հայի իրավունքը: Դա վճռորոշ քայլ էր, որի ճշմարտացիությունն ու անխուսափելիությունն ապացուցվել է այս բոլոր տարիների ընթացքում:

ՀՀ-ն այսօր առաջ է ընթանում հաստատուն քայլերով` իրականացնելով տարբեր ծրագրեր` ուղղված ժողովրդի անվտանգության ապահովմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը, մարդկանց սոցիալ-տնտեսական և ենցաղային պայմանների բարելավմանը»,- ասված է ԼՂՀ նախագահի ուղերձում:

Փոխանցելով Եղիսաբեթ II թագուհու շնորհավորանքները հայ ժողովրդի անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը նշել է, որ այսօր հայ ժողովրդի համար հպարտության օր է, անկախ և ինքնիշխան Հայաստանի հանրապետության հաստատումը՝ մեծ նվաճում: Նա նաև հավելել է, որ Միացյալ Թագավորությունը շարունակելու է գործակցել Հայաստանի հետ, քանի որ այն ձգտում է ապահով, բարգավաճ ապագայի:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում բարձր է գնահատել Հայաստանի ձեռքբերումները սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային զարգացման ակտուալ հարցերում:

«Խորը պատմական արմատներ ունեցող հայ-ռուսական հարաբերությունները դուրս են եկել դաշնակցային գործընկերության մակարդակի ու շարունակում են ինտենսիվորեն զարգանալ, ինչը, մասնավորապես, ապացուցում են Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքները»,- նշել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի համոզմամբ, պետության համատեղ ջանքերով կապահովվի երկկողմ կապերի ամբողջ համալիրի հետագա ամրապնդումը, բազմակողմանի կառուցողական փոխգործակցության ընդլայնումը, այդ թվում՝ Մաքսային միությանն անդամակցելու համատեքստում:

Օրերս Անկախության 22-րդ տարեդարձը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու ԱՄՆ ժողովրդի անունից շնորհավորել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով նշել էր, որ հպարտ է ԱՄՆ-ի հայ համայնքի հետ ընկերությամբ:

«Որպես մարդ, ով երեկ տասնամյակ ներկայացրել է Հայաստանից դուրս ամենաշատ հայ բնակչություն ունեցող տարածքներից մեկը` Մասաչուսեթսը, ես առաջին ձեռքից եմ ծանոթ Ամերիկայի մշակույթի, ժողովրդավարության ու տնտեսական կենսունակության գործում ձեր ներդրումներին»,- նշել էր Քերին:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս շնորհավորել է ՀՀ նախագահին Անկախության օրվա առթիվ: Նրա ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Համոզված եմ, որ Հայաստանի ու Բելառուսի միջև քաղաքական երկխոսության խորացումն ու առևտրատնտեսական գործակցության փոխշահավետ ինտենսիվ զարգացումը, ինչպես նաև եվրասիական ինտեգրման գործընթացներին ավելի արդյունավետ մասնակցելու Հայաստանի որոշումը էլ ավելի կսերտացնեն մեր երկրների բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև կնպաստեն դրանց հետագա զարգացմանը»:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր հերթին բարձր է գնահատել հայ-ուկրաինական ընկերական հարաբերությունները.

«Ուզում են հայտնել վստահությունս մեր երկու պետությունների միջև փոխշահավետ գործակցության հետագա զարգացման վերաբերյալ»,- իր շնորհավորական ուղերձում նշել է Յանուկովիչը:

Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով նշել է, որ 1991-ի սեպտեմբերի 21-ից ի վերՀայաստանը«հաջողությամբ առաջ է ընթացել բարգավաճման և ժողովրդավարության ուղիով, շնորհիվ, մասնավորապես, Եվրամիության հետ իր վարած երկխոսության շրջանակներում իրականացված խիզախ բարեփոխումների»:

«Ինչպես գիտեք, ես անձնապես մեծ կարևորություն եմ տալիս Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը: Ցանկանում եմ այդ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ Ձեզ հետ միասին շարունակել աշխատանքն առավել որոշակի կերպով, հատկապես տնտեսական ոլորտում:

Թույլ տվեք ընդգծել նաև այն կարևորությունը, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, տալիս է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների առաջընթացին»,- ասված է Օլանդի շնորհավորական ուղերձում:

Անկախության 22-րդ տարեդարձն է շնորհավորել նաև ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը, պատրաստակամություն հայտնելով ամբողջ ջանքերը ներդնել հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացման գործում:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 22 տարիների ընթացքում Չինաստանը և Հայաստանը մշտապես աջակցել և փոխադարձ հարգանք են տածել միմյանց նկատմամբ, համատեղ հաղթահարել են դժվարությունները և անկեղծորեն գործակցել: Կողմերի միջև քաղաքական փոխգործակցությունն անընդհատ ամրապնդվում է, ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը հասել է մեծ արդյունքների»,- ասել է Չինաստանի Նախագահի ուղերձում:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս շնորհավորել է ՀՀ Անկախության 22-ամյակը․

«Միացյալ Նահանգները մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարատև հարաբերությունները և դարձել է ավելի հզոր երկիր շնորհիվ միլիոնավոր ամերիկացների, ովքեր հպարտությամբ են հիշում, որ ձեր երկիրն իրենց նախնիների երկիրն է: Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխադարձ սիրո և հարգանքի կապերն ինչպես միշտ հզոր են, և մենք հետամուտ ենք լինելու գալիք տարիների ընթացքում էլ ավելի զարգացնելու մեր համագործակցությունը»,- ասված է ԱՄՆ Նախագահի ուղերձում:

1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանն անկախ պետություն ճանաչելու օգտին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 95 տոկոսն այդ հարցին դրական պատասխան տվեցին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---