Հին Օլիմպոսում վառվել է XXII ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը

Հին Օլիմպոսում վառվել է XXII ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը

PanARMENIAN.Net - Հանդիսավոր արարողությամբ Հունաստանում սկիզբ է դրվել օլիմպիական կրակի փոխանցավազքին, որի 5 օրը կանցնի Հունաստանի տարածքով: Հոկտեմբերի 5-ին ջահը կփոխանցվի «Սոչի-2014» կազմկոմիտեի պատվիրակությանն ու կտեղափոխվի Մոսկվա, որտեղ հոկտեմբերի 7-ին մեկնարկում է 123-օրյա փոխանցավազքի ռուսաստանյան փուլը, որը կավարտվի Սոչիում փետրվարի 7-ին՝ Խաղերի բացման օրը:

Ըստ Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչների, փոխանցավազքը ամենատևականը կլինի ողջ պատմության ընթացքում և ամենաընդգրկունն ըստ տարածության՝ շուրջ 40 հազար կիլոմետր: Օլիմպիական կրակը կփոխանցվի ՌԴ բոլոր 83 սուբյեկտների մայրաքաղաքներով: Առաջին փուլը կսկսվի հոկտեմբերի 7-ին, երբ կրակը Աթենքից տեղափոխվի Մոսկվա և հետո ավտովազանցի միջոցով կհասցվի Սանկտ Պետերբուրգ: 23 օրում կրակը կանցնի Կենտրոնական ու Հյուսիս-Արևմտյան դաշնային շրջանների 15 հիմնական քաղաքներով: Երկրորդ փուլում ջահը ինքնաթիռով Սանկտ Պետերբուրգից կհասցվի Վլադիվոստոկ, որտեղից 30 օր կփոխանցվի Հյուսիսի ու Հեռավոր Արևելքի քաղաքներով: Վերադառնալով Վլադիվոստոկ՝ ջահը կմեկնարկի իր երրորդ ուղևորությունը՝ գնացքով մինչև Էլիստա: 58 օրում օլիմպիական կրակը կտեսնեն 45 քաղաքների բանկիչներ: Ավարտական, չորրորդ փուլում օլիմպիական կրակը ավտովազանցով Էլիստայից կհասցվի Սոչի, որտեղ կլինի 2014 թվականի փետրվարի 7-ին: Ենթադրվում է, որ իր ուղևորության ընթացքում կրակը կլինի նաև Բայկալում, ամենաբարձր եվրոպական լեռան գագաթում՝ Էլբրուսում, Հյուսիսային բևեռում: Բացի այդ, նախատեսվում է կրակն ուղարկել նաև տիեզերք: Ջահի փոխանցավազքին կմասնակցի 14 հազար ջահակիր:

Օլիմպիական կրակն ավանդաբար վառվել է արևի ճառագայթներից՝ Օլիմպոսում, Հերայի տաճարի մոտ, որտեղ մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում սկիզբ առան Օլիմպիական խաղերը: Քրմուհիների կերպարներով 21 դերասանուհիներ են մասնակցել հատուկ արարողությանը: Թատերականացված բեմականացումից հետո նրանցից մեկը վառել է կրակը պարաբոլիկ հայելու միջոցով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սոչին ընտրվեց 2014 թ. Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Գվատեմալայում ՄՕԿ 119-րդ նստաշրջանի ժամանակ՝ 2007 թ. հուլիսի 4-ին: Ռուսաստանի տարածքում Օլիմպիական խաղերը կանցնեն երկրորդ անգամ: Առաջին անգամ Խաղերն ընդունեց Մոսկվան 1980 թվականին, դրանք ամառային խաղեր էին: Հաջորդ տարի առաջին անգամ Ռուսաստանը կընդունի ձմեռային Օլիմպիական խաղերը:

2010 թվականի մարտի 1-ին ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեն փոխանցեց օլիմպիական դրոշը Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովին: Օլիմպիական խաղերից 500 օր առաջ «Սոչի 2014»-ը հրապարակեց առաջիկա Օլիմպիադայի կարգախոսը՝ «Թեժ. Ձմեռային. Քոնը»՝ Hot. Cool. Your:

2013 թվականի մայիսի 30-ին Սանկտ Պետերբուրգում ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեն հրապարակեց Խաղերի մեդալների դիզայնը: Ընդամենը կպատրաստվի մեդալների 1300 հավաքածու, որը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային խաղերի համար: Սոչի-2014 օլիմպիական խաղերի համար պատրաստված մեդալները կկշռեն 460-531 գրամ, հաղորդել է «Սոչի-2014» կազմկոմիտեի ղեկավար Դմիտրի Չեռնիշովը:

Սոչիի Օլիմպիադայում խաղարկվելու է մրցանակների 98 հավաքածու՝ 15 տեսակի սպորտաձևերից: 2014–ի խաղերը լինելու են ռեկորդային ներկայացված սպորտաձևերի քանակով: Մեդալները պատրաստված են յուրահատուկ տեխնոլոգիայով և առանձնանում են յուրահատուկ դիզայներական լուծումներով: Մեդալները արտացոլում են ռուսական ավանդույթները: Մեդալների պատրաստման համար օգտագործվել է 999 հարգի մոտ 3 կգ ոսկի:

Սոչիի օլիմպիադայի մասնակիցները, որոնց կհաջողվի ոսկե մեդալներ նվաճել Հարավային Ուրալում երկնաքարի ընկնելու տարելիցի օրը, մեդալներ կստանան երկնաքարի պատկերով: Այդ պարգևները, չեն փոխարինի ՄՕԿ տրամադրած իսկական մեդալներին, այլ լրացում կհանդիսանան:

Օլիմպիադային կմասնակցեն առնվազն 2 հայ մարզիկներ: Սերգեյ Միքայելյանը հանդես կգա բոլոր չորս մրցատարածություններում: Նա ունի վարկանշային 58 միավոր և Սոչիում կմրցի 1,6 կմ արագավազքում, ինչպես նաև 15, 30 և 50 կմ մրցատարածություններում: Աննա Մխիթարյանն միայն 10 կմ դասական մրցաոճում հանդես գալու իրավունք ունի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---