Մշակույթի նախարարությունում չգիտեն` ինչպես աշխատել վերանորոգման դաժան պայմաններում

Մշակույթի նախարարությունում չգիտեն` ինչպես աշխատել վերանորոգման դաժան պայմաններում

PanARMENIAN.Net - Գրեթե բոլոր պետմարմինների ու, հատկապես, գերատեսչությունների լրատվական բաժինների հետ աշխատելու համար ամուր նյարդային համակարգ է անհրաժեշտ: Լրագրողներն ինձ կհասկանան: Ինչ-որ տեղեկություն ճշտելու համար այնքան տեղեր կուղղորդեն, որ շատ ժամանակ արդեն հոգնում ես նույն՝ «բարև ձեզ, ձեզ անհանգստացնում են … լրատվամիջոցից: Ուզում եմ ճշտել…» տեքստը կրկնելուց: Արագության մասին կարելի է առհասարակ մոռանալ: Հավատացեք, բոլորիս բախտը բերում է, եթե չենք լսում «հարցում ուղարկեք» պատասխանը: Ինչևէ, անցնեմ կոնկրետ դեպքին:

Մշակույթի նախարարությունը, ավելի շուտ՝ դրա մամուլի բաժինը, այսօր պարզապես «փայլեց» իր աշխատանքով: Առավոտյան, երբ ամբողջ համացանցը ողողվեց «Նունե Եսայանի համերգը 54 մլն է արժեցել» վերնագրերով, առաջինը, ինչը, կարծում եմ, արեցին լրագրողներից շատերը, փորձեցին կապվել Կառավարության կամ մշակույթի նախարարության մամուլի բաժինների հետ: Չգիտեմ՝ ում, ոնց, բայց չնայած սկզբնաղբյուրում նշված էր, որ հենց կառավարության պահուստային ֆոնդից էր Նունե Եսայանի համերգին 54 691 400 դրամ գումար հատկացվել, գործադիրի մամուլի բաժնից մեզ, այնուամենայնիվ, ուղղորդեցին մշակույթի նախարարություն, չէ՞ որ նյութում նաև նշված էր՝ «պատասխանատվությունը դրվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա»:

Զանգահարեցինք. մոտ մեկ ժամ շարունակ նախարարության մամուլի բաժնի հեռախոսը լռում էր: Ինչպես ստացվեց ճտշել ավելի ուշ՝ սենյակը վերանորոգում էին: Պարզվում է՝ ամբողջ նախարարությունում աշխատակիցների համար մեկ այլ սենյակ չի գտնվել, ու, ինչպես եզրակացրինք, գնացել են «տներով»: Ավելի ուշ մի քանի տեղ զանգահարելուց հետո միայն ստացվեց գտնել մամուլի խոսնակի համարն ու կապվել: Բայց այդպես էլ ոչինչ չիմացանք՝ մամուլի խոսնակը աշխատավայրում չէր՝ ընդմիջման էր, սենյակն էլ վերանորոգում էին, խոստացավ օրվա ընթացքում կապի մեջ լինել, բայց այդպես էլ խոստումը չկատարեց՝ հետագա բոլոր զանգերս մնացին անպատասխան: Արդյունքում, այդպես էլ պաշտոնապես չիմացանք՝ արդյո՞ք գումարի մասին տեղեկությունը ճիշտ էր, թե՝ ոչ:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---