Այն մասին, թե ինչպես են հայկական անօդաչու սարքերը ճախրելու Դանիայի երկնքում

Այն մասին, թե ինչպես են հայկական անօդաչու սարքերը ճախրելու Դանիայի երկնքում

PanARMENIAN.Net - Հայաստանն անօդաչու սարքեր է արտահանելու Դանիա, նախօրեին հայտարարել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ «Մրցույթի հաղթողներից մեկն արդեն ընկերություն է գրանցել, որն արտադրել է առաջին կոմերցիոն անօդաչու սարքը», – ասել է Վարդանյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Նա նշել է, որ նախնական պայմանավորվածությամբ ամիսը շուրջ 10 անօդաչու սարքեր են արտադրվելու։ Նախատեսվում է, որ սարքը կիրառվելու է Դանիայում ագրոուսումնասիրությունների անցկացման, ինչպես նաև ցանքատարածքների աէրոնկարահանումների նպատակով։

«Սա Հայաստանի համար շատ մեծ քայլ է, որը թույլ կտա դուրս գալ անօդաչու սարքերի համաշխարհային շուկա և կդառնա առաջին քայլն այս ուղղության զարգացման նպատակով օտարերկրյա գործընկերների որոնման ճանապարհին», – ասել է Վարդանյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում արտադրվող անօդաչու սարքերը կարող են կիրառվել պաշտպանական նպատակներով, ավտոմայրուղիների բնապատկերային տեսանկարահանման, մասնավորապես` խցանումներ և խախտումներ բացահայտելու նպատակով։

Հունիսի 2-ին Հայաստանում «ԱրմՌոբոտիկս» առաջնության շրջանակներում միությունն անցկացրել է երկրում առաջին անօդաչու սարքերի մրցույթը։ Եզրափակչին մասնակցել է 5 թիմ` «Sky Spy»-ը, «Eagle eye»-ը, «Dangerous sky»-ը, «Fly Art»-ը և «Armdroid»-ը, հայտնել են մրցույթի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում:

Թիմերը նախագծել ու պատրաստել էին այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում ուսումնասիրում էին տարածքը, հասկանում տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց ուղարկում էին պատկերները, գտնում հատուկ նշանատեղը, նետում մինչև 300գ բեռ և վերադառնում էին մեկնարկային կետ:

Ամենաբարձր միավորները հավաքել և մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է «Eagle eye» թիմը, որի մրցանակն է 500.000 դրամ: 2-րդ տեղում էր «Dangerous sky» թիմը, որն էլ արժանացել է 400.000 դրամ մրցանակի: 3-րդ տեղը զբաղեցրել է «Armdroid»-ը` 300.000 դրամական մրցանակով: Մյուս երկու թիմերը` «Fly Art»-ը և «Sky Spy»-ը, արժանացել են խրախուսական մրցանակի և ստացել 150.000-ական դրամ պարգև:

Անօդաչու թռչող սարքերի հաջորդ մրցույթը նախատեսվում է կազմակերպել 2014թ. մայիսին:

«Կռունկ»-ը ստեղծվել է ՀՀ ՌԱՀ-ի կողմից և սպառազինման մեջ ընդգրկվել 2011թ.: Այն առաջին անգամ ներկայացվել է 2011 թ. սեպտեմբերի 21-ի Երևանում Անկախության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ: Այն թեթև անօդաչու թռչող սարք է`նախատեսված օդային դիտարկման, օբյեկտների մասին տեղեկատվության հավաքման և փոխանցման համար: «Կռունկը» միջին դասի անօդաչու թռչող սարք է, հագեցած է հետախուզական սարքավորումներով: Հետախուզական գործառույթից բացի, «Կռունկ» անօդաչու թռչող սարքերն ընդգրկված են նաև հրետանու կառավարման համակարգում:

2012 թ. սեպտեմբերին Հայաստանում ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ զորավարժություններին առաջին անգամ կիրառվել են հայկական «Կռունկ» անօդաչու թռչող սարքեր:

Ինչպես 2011 թ. հայտարարել էր այն ժամանակ ռազմական փորձագետ, այժմ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, անօդաչու սարքերը չեն զիջում համաշխարհային նման տիպի սարքերին, եթե հաշվի չառնենք ամերիկյան ու իսրայելյան արտադրանքը: Հովհաննիսյանը նշել է, որ այդ սարքերը շատ թեթև են ու դժվար են հայտնաբերվում ՀՕՊ միջոցների կողմից: «Կան լուծումներ, որոնք շատ ինքնատիպ են, և թող դա չհնչի որպես գովազդ, սակայն մենք կարող ենք նույնիսկ դասեր տալ ոմանց»,-նշել է նա:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---