Թուրքիան որոշել է պատով սահմանազատվել Սիրիայից

Թուրքիան որոշել է պատով սահմանազատվել Սիրիայից

PanARMENIAN.Net - Թուրքիան սկսել է պատ կառուցել Սիրիային սահմանակից շրջաններում ապօրինի ներգաղթյալների հոսքը կանխելու համար, հայտնում է CNN Turk-ը: Ըստ հեռուստաալիքի, պատը կունենա 2 մետր բարձրություն:

Ավելի վաղ թուրքական Արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման վարչության ղեկավար Ֆուադ Օքթայը հայտարարել էր, որ սիրիացի փախստակնների քանակը Թուրքիայում մոտենում է 300 հազարի:

Ըստ նրա, մոտ 180 հազար մարդ է ապրում սիրիացի փախստականների համար թուրքական կառավարության ստեղծածճամբարներում: Բացի այդ, մոտ 100 հազար փախստական հիմնավորվել է Թուրքիայի սահմանամերձ գավառներում, որտեղ ապրում են ճամբարներից դուրս, հայտնում է Trend գործակալությունը:

Մինչդեռ, ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիան թանկ կվճարի Սիրիայում ահաբեկիչներին սատարելու համար, որոնք ցանկացած պահի կարող են զենքն Անկարայի կողմ շրջել:

«Թուրքիայի կառավարությունը թանկ կվճարի ծայրահեղականներին օգնելու համար: Չի կարելի ահաբեկչությունըորպես խաղաքարտ օգտագործել, որը կարելի է ցանկացած պահի գրպանում պահել»,- հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիական Halq հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հայտնում է rosbalt.ru-ն:

Թուրքիան համարվում է սիրիական ընդդիմության հիմնական հովանավորներից մեկը: Նախօրեին թուրքական խորհրդարանը երկարացրեց Սիրիայի կողմից հնարավոր սպառնալիքին հակազդելու վերաբերյալ մանդատը մեկ տարով: Փաստաթուղթը Թուրքիայի կառավարությանն օժտում է անդրսահմանային զինված գործողություններ անցկացնելու լիազորություններով:

Ըստ Ասադի, Սիրիա են թափանցել ահաբեկչական խմբավորումների տասնյակ հազարավոր անդամներ, սակայն նրանց հստակ թիվը հայտնի չէ: «Այդ առնչությամբ կարելի է խոսել ծայրահեղականների աճի մասին: Մեր հաշվարկներով, նրանց թիվը հասնում է տասնյակ հազարների»,- ասել է նախագահը:

Ասադի կարծիքով, Թուրքիայի վարչապետ Էրդողանը «պատասխանատվություն է կրում տասնյակ հազարավոր սիրիացիների թափած արյան և երկրի փլուզված ենթակառուցվածքների համար»:

«Եվ ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ տարածաշրջանում կայունության խարխլման համար: Էրդողանն ու նրա ընկերները միջամտել են Եգիպտոսի գործերին, Լիբիայի, Թունիսի, տարածաշրջանի մյուս երկրների»,- ասել է Ասադը: Նա նշել է, որ Թուրքիայում պառակտում է տեսնում, որտեղ ժողովուրդը մի կողմ է գնում, իսկ կառավորությունը՝ այլ:

«Դրա մեկ այլ ապացույց է ոչ միայն Թուրքիայի կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը, այլև Էրդողանի շատ վտանգավոր միջամտությունը Եգիպտոսի, իսկ մինչ այդ՝ Իրաքի հարաբերություններին»,- գտնում է Ասադը:

Այն դեպքում, երբ հիմնական դերակատարները փորձում են կանխել ռազմական գործողությունը Սիրիայում, Թուրքիան ջանքեր է գործադրում պատերազմ սանձազերծելու համար: Այդպես, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Սիրիայի խնդիրները չեն ավարտվի քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնելով: «Արևմուտքը, և մասնավորապես ԱՄՆ-ն, պետք է հասկանան, որ քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելուց հետո Սիրիայի խնդիրները դրանով չեն ավարտվի: Հարկավոր է առավել գործուն մոտեցում»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Ըստ Vatan թերթի, Թուրքիան է քիմիական զենքի բաղադրիչներ առաքել սիրիացի գրոհայիններին:

Անցած շաբաթ Մոսկվան առաջարկել էր Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից:

ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:

ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Photo: trend.az
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---